Տվյալներ են հայտնվել աշխարհի 8 երկրում «Սպուտնիկ V»-ի արդյունավետության վերաբերյալ
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը եւ 8 երկրների կարգավորող մարմինները, որտեղ «Սպուտնիկ V»-ն օգտագործվում է զանգվածային պատվաստումների համար, դեղամիջոցի արդյունավետության վերաբերյալ տվյալներ են հավաքել:
Ինչպես նշում է «Լենտա»-ն, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի (RDIF) մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ տարբեր երկրներում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը 94-97.6 տոկոս է կազմել: Ավելին, դեղամիջոցը որեւէ լուրջ անբարենպաստ ռեակցիա չի ցուցաբերել, որոնք գրանցվել են որոշ այլ պատվաստանյութերի կիրառման դեպքում:
«Արգենտինայում, Բահրեյնում, Հունգարիայում, Մեքսիկայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ռուսաստանում, Սերբիայում եւ Ֆիլիպիններում զանգվածային պատվաստումների ընթացքում դեղամիջոցի օգտագործման վերաբերյալ տվյալները ցույց են տալիս, որ լուրջ կողմնակի բարդություններ չկան,- պատմել են փորձագետները:- Մի շարք երկրներում, որտեղ կորոնավիրուսի դեմ միաժամանակ մի քանի պատվաստանյութ է օգտագործվում, ռուսական դեղամիջոցն ունի անվտանգության եւ արդյունավետության լավագույն ցուցանիշներից մեկը»: