Թշնամու հետ նովրուզ տոնած Մարիա Կարապետյանը մեր հայրենասիրությունը կասկածի տակ է դնում. Հայկ Մամիջանյան
Ինձ համար անընկալելի էր, թշնամի երկրների ներկայացուցիչների հետ իրենց տոնը՝ նովրուզը, տոնած պարերով եւ ուրախությամբ Մարիա Կարապետյանը մեր հայրենասիրությունը եւ հանուն հայրենիքի աշխատելու ունակությունները երեկ կասկածի տակ էր դնում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Լավ է, որ սկսել եք Սերժ Սարգսյանի ելույթները կարդալ, բայց որ կարդում եք, ամբողջությամբ կարդացեք, որ մեջբերում եք, ամբողջությամբ մեջբերեք։ Կազանի բանակցային գործընթացի պարագայում խոսքը գնում էր իրարից անբաժանելի 3 փաստաթղթի մասին։ Կարապետյանը խոսում էր այն մարդկանց հայրենասիրության մասին, որոնք չունենալով մանդատ, Եվրոխորհրդարանում գերիների հետ կապված հայտարարություն են անցկացրել, դա նորմալ ու ճիշտ է։ 7-րդ գումարման ԱԺ-ի ձեր գործընկերները, որոնք այս կամ այն կերպ խորհրդարանական դիվանագիտության հարցերով էին զբաղվում, խորհրդակցում էին, եւ դա նորմալ է։ Դուք խոսում եք մի մարդկանց հետ, որոնք որպես ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն 44-օրյա պատերազմի ընթացքում ավելի շատ միջազգային հայտարարությունները են բերել, քան խորհրդարանը»,- ասաց պատգամավորը։
Մամիջանյանն անդրադարձավ նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի՝ վերջին 30 տարվա բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարությանը. «Բա հայրենավաճառության մասին ո՞նց խոսենք։ 2016 թվականին Քառօրյա պատերազմի հաղթանակը կասկածի տակ դնել, հաղթանակ, որը վաստակել են զինվորից մինչեւ Գերագույն գլխավոր հրամանատար։ Դա ոչ թե մեր ԶՈՒ-երի կողմից պարտադրված խաղաղության վերահաստատում էր, այլ ինչ-որ կասկածելի պայմանավորվածություն։ Դիվանագիտական հաղթանակ էր Ապրիլյանից հետո նաեւ Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը, որը ձեր արտաքին քաղաքականության ընթացքում մսխեց, մի տարուց ավելի բանակցություններից հետո նոր մեկ անգամ այն ժամանակվա ԱԳ նախարարը հիշատակեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերի մասին»։