27 կոնգրեսական Պետքդեպին կոչ է անում դադարեցնել դրոնների՝ Թուրքիա արտահանման թույլտվությունները
27 կոնգրեսական Պետդեպարտամենտին կոչ է անում դադարեցնել անօդաչու թռչող սարքերի՝ Թուրքիա արտահանման լիցենզիաները մինչ Կովկասում, Հարավային Ասիայում, Արեւելյան Միջերկրական ծովում եւ ամբողջ աշխարհում թուրքական անօդաչու սարքերի ծրագրերի ապակայունացնող դերի պաշտոնական հետաքննության ավարտը:
Թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը, որոնք անցած տարվա աշնանն Ադրբեջանի կողմից տեղակայվեցին Արցախի դեմ, առնվազն 10 դետալ են պարունակում, որոնք արտադրվում են ԱՄՆ-ում կամ ԱՄՆ-ում դուստր ձեռնարկություններ ունեցող ընկերությունների կողմից:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղարկված երկկուսակցական նամակում 27 կոնգրեսական խնդրել են նրան հրապարակել թուրքական անօդաչու թռչող սարքերի արդյունաբերության մասին զեկույցը՝ հատկապես ուշադրություն դարձնելով՝՞ արդյոք դրանք պատժամիջոցները խախտող ամերիկյան տեխնոլոգիաներ են ներառում: «Անցնող տարվա ընթացքում թուրքական անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Արցախում հայ խաղաղ բնակչության, Սիրիայում՝ քրդական ուժերի դեմ, որոնք ԱՄՆ-ի հետ համագործակցում են ԻՊ-ի դեմ պատերազմում, եւ քաղաքացիական պատերազմում Լիբիայում»,- ասվում է նամակում:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսականներին, ովքեր միացել են Թուրքիային պատասխանատվության ենթարկելու այս երկկուսակցական կոչին: Պետդեպարտամենտի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի ծրագրի հետաքննություն՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության դեմ տեղակայված Bayraktar անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաներ են կիրառվում»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Թուրքիան չափազանց երկար ժամանակ է ԱՄՆ-ի պաշտպանական արդյունաբերության հետ իր արտոնյալ հարաբերությունները որպես լիցենզիա օգտագործել՝ անտեսելու Ամերիկայի հիմնական շահերը, արժեքներն ու գործընկերություններն ամբողջ աշխարհում: Թուրքիայի անօդաչու թռչող սարքերի ծրագիրն միջոցներից ընդամենը մեկն է, որով այսպես կոչված դաշնակիցը սպառնում է ամերիկյան շահերին եւ, հնարավոր է, խախտում է ամերիկյան օրենքները: Բրավո Ներկայացուցիչների պալատի 27 անդամներին՝ այս սպառնալիքին ուշադրություն դարձնելու համար»,- ասել է Հունա-ամերիկյան առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենիդեսը:
.