Իշխանությունը պաշտոն կտա «նախկիններից» մնացած կոռումպացված կադրերին. պրոֆեսիոնալների պակաս ունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նախարարներին նշանակելուց հետո պետական համակարգում սկսվել է փոխնախարարների փնտրտուքը։ Եղածներից ոմանք կպահպանեն իրենց պաշտոնները, բայց նոր անուններ նույնպես շրջանառվում են, չնայած որ գործող իշխանության համար այդքան էլ հեշտ չէ իրենց շարքերից պրոֆեսիոնալներ գտնելը։
Դա է պատճառը, որ նրանք երբեմն դիմում են «լավ մոռացված հինը» տարբերակին։ Օրինակ՝ առողջապահության համակարգից մեզ հասած տեղեկություններով՝ որպես առողջապահության փոխնախարար շրջանառվում է ոմն Սամվել Խարազյանի անունը, որը «նախկինների օրոք» երկար տարիներ աշխատել է կոռուպցիոն սկանդալներով հայտնի Պետական առողջապահական գործակալությունում՝ որպես բաժնի պետ, և որ ամենաուշագրավն է, ՊԱԳ այդ ժամանակվա պետ Սարո Ծատուրյանի հետ անգամ հասցրել է ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով (այդ թեմային «Ժողովուրդը» մի քանի անգամ անդրադարձել է)։
Հիշեցնենք, որ երկար տարիներ ՊԱԳ-ում էր աշխատել Արսեն Թորոսյանի կողմից փոխնախարար նշանակված Արսեն Դավթյանը, որը վերջերս դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու համար։
Վերջին շրջանում Սամվել Խարազյանն ու Սարո Ծատուրյանը հաջողացրել էին ներգրավվել առողջության պարտադիր ապահովագրության հայեցակարգի մշակման գործընթացներում՝ որպես միջազգային փորձագետներ, և ոլորտում հենց սրանով են բացատրում Սամվել Խարազյանի թեկնածության քննարկումը։
Եթե ընտրությունը, այնուամենայնիվ, կանգնի սույն անձի վրա, ապա հնարավոր է պատկերացնել կադրային սովի աստիճանը, երբ հեղափոխական իշխանությունների միակ հույսը մնացել են «նախկիններից» մնացած, բայց ոչ թե իրական պրոֆեսիոնալ, այլ կոռումպացված կադրերը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։