Սուրեն Պապիկյանն իրեն լիովին վարչապետի կարգավիճակ է տվել․ բոլոր հարցերը զեկուցում են հենց Պապիկյանին, նույնիսկ ասֆալտապատման մենաշնորհը նրան է պատկանում. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի կառավարությունում ևս արշալույսները խաղաղ չեն։ Բանն այն է, որ ՀՀ փոխվարչապետ դարձած Սուրեն Պապիկյանն ամեն ինչ անում է կառավարության կորիզն իր ձեռքը վերցնելու, տարբեր նախարարություններ իրեն ենթարկեցնելու համար։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Սուրեն Պապիկյանն իրեն լիովին վարչապետի կարգավիճակ է տվել, ու, կարելի է ասել, բոլոր հարցերը զեկուցում են հենց Պապիկյանին։ Կադրային հարցերը ևս Պապիկյանի հսկողության տակ են գտնվում, վերջինս անձամբ է որոշում՝ ով պետք է մնա իրենց թիմում աշխատելու, ով պատերազմից հետո իրենց հետ չէ ու պետք է հեռանա կառավարության տարբեր գերատեսչություններից։
Պարզվում է՝ Պապիկյանը, հեռանալով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որոշել է, որ իր հետ պետք է տանի ասֆալտի փռման մենաշնորհը, ու ամենախոշոր գումարներն աշխատելու մեխանիզմը ևս Պապիկյանի ձեռքում է։ Վերջինս անձամբ է հսկում ճանապարհաշինության հետ կապված բոլոր աշխատանքները, գնումների գործընթացը, մի խոսքով, բոլոր ֆինանսական լծակները նրա ձեռքում են։
Ի դեպ, նշենք, որ նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը անակնկալի է եկել, երբ տեղեկացել է, որ իր ղեկավարած գերատեսչության ամենամեծ հատվածը Պապիկյանն իր վերահսկողության տակ է տարել ու իրեն որևէ բան չի մնում, քան մարզպետների հետ աշխատանքը։ Ասել է թե՝ Սանոսյանը կղեկավարի «տակը մնացած» լծակները»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։