Հովհաննես Բաչկով. Միայն Օլիմպիական մեդալ չունեի ու կարողացա համալրել իմ հավաքածուն
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում բրոնզե մեդալ նվաճած Հովհաննես Բաչկովն (63 կգ) ամփոփել է իր ելույթը Տոկիո-2020-ում:
«Ավարտվեցին Օլիմպիական խաղերը՝ վերադառնում եմ բրոնզե մեդալով։ Այս երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել՝ Եվրոպայից, աշխարհից և Օլիմպիական խաղերից։ Միայն Օլիմպիական մեդալ չունեի ու կարողացա համալրել իմ հավաքածուն։ Չկարողացա կրկնել Վլադիմիր Ենգիբարյանի հաջողությունը՝ դառնալ օլիմպիական չեմպիոն, բայց այս մեդալով դարձա Հայաստանի պատմության մեջ ներկայիս միակ բռնցքամարտիկը, ով նվաճել է բոլոր մեծ մրցաշարերի մեդալնները։ Իմ այս հաղթանակներով ես կարողացա օրինակ դառնալ նոր սերնդի բռնցքամարտիկներին և նրանց ցույց եմ տվել ճիշտ ճանապարհի ուղին։ Եթե Աստված կամենա, դեռ շատ երկար կփորձեմ ուրախացնել իմ հաղթանակներով։ Շնորհակալ եմ բոլորիցդ՝ սիրում եմ քեզ իմ հայ ազգ։ Շնորհակալ եմ իմ թիմից՝ ովքեր լավագույնն են իրենց գործում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Բաչկովը:
Հիշեցնենք, որ 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկն օգոստոսի 6-ին տեղի ունեցած կիսաեզրափակիչում մրցել էր 22-ամյա ամերիկացի Քեյշոուն Դևիսի հետ և պարտվել միավորներով (0:5):
Տոկիո-2020-ում 28-ամյա Հովհաննես Բաչկովը հուլիսի 25-ին մեկնարկել էր Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ վստահ հաղթանակով (5։0), իսկ 1/8 եզրափակիչում տպավորիչ հաղթանակ էր տարել 2013թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի նկատմամբ (4։1)։
Նախորդ անգամ Հայաստանը բռնցքամարտում օլիմպիական մեդալ նվաճել էր 2008 թվականին: Պեկին-2008-ում բրոնզե մեդալակիր էր դարձել վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը։
Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Կորյուն Սողոմոյնանը (52 կգ) և Արման Դարչինյանն (75 կգ) ավարտել են ելույթները: Կորյուն Սողոմոնյանը հուլիսի 26-ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչի մենամարտում պարտվել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը: Արման Դարչինյանը 1/8 եզրափակիչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ վստահ հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում նոկաուտով պարտվել էր ֆիլիպինցի Էումիր Մարցիալին: