«Բավարիայում» բացառել են Մեսիի ձեռքբերումը և խոսել Հոլանդի հանդեպ հետաքրքրության մասին
Մյունենի «Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը պատասխանել է հարցին, թե արդյոք գերմանկան ակումբը կարող է պայմանագիր կնքել կատալոնական «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացած Լիոնել Մեսիի հետ:
«Ցավոք, դա հնարավոր չէ: Մենք չենք բանակցել նրա հետ: Մեսիի ձեռքբերումն անհավանական բան է՝ չնայած նրան, որ խաղացողն ազատ գործակալի կարգավիճակում է: Չենք կարող մեզ թույլ տալ նման բան:
Ինչ վերաբերում է Էրլինգ Հոլանդին, կարծում եմ՝ նրան կցանկանար ձեռք բերել ցանկացած ակումբ: Իհարկե, մենք դիտարկում ենք այդ տարբերակը»,- Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է Sport1.de-ն:
Սպասվում է, որ առաջիկայում Լիոնել Մեսին կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ: Արգենտինայի հավաքականի ավագն օգոստոսի 9-ին բուժզննում կանցնի ՊՍԺ-ում: Ավելի վաղ նշվում էր 34-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 50 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին 2005 թվականից էր հանդես գալիս «Բարսելոնայի» գլխավոր թիմում, որի կազմում անցկացրել է 778 հանդիպում, դարձել 672 գոլի ու 305 գոլային փոխանցման հեղինակ, նվաճել 35 տիտղոս: Իսպանական Լա Լիգայում ֆինանսական արդար խաղի կանոնների պատճառով կատալոնական ակումբը չկարողացավ նոր պայմանագիր կնքել արգենտինացու հետ, թեև կողմերը փոխհամաձայնության էին եկել:
Մեսին Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող է, Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր, աշխարհի փոխչեմպիոն, «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր։