Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչը հետաքննում է մոտ 20 տեսակ նվերների անհետացումը
Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչը հետաքննում է նվերների պահուստարանում պահվող առարկաների մոտ 20 տեսակի անհետացումը։
Ինչպես տեղեկացնում է Politico-ն՝ հղում կատարելով պաշտոնյաներին, տասնյակ կամ հարյուրավոր առանձին իրեր, որոնք մինչ այդ պահվում էին Պետդեպարտամենտի նվերների պահեստում, անհետացել են։
Պաշտոնյաները հայտարարել են, որ կորած իրերի մեծ մասը ԱՄՆ նվերներն էին, որոնք նախատեսում էին հանձնել այլ երկրների։
Նոր մանրամասները հայտնվեցին այն բանից հետո, երբ New York Times-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Պետդեպարտամենտը հետաքննում է 5 800 դոլարանոց վիսկիի անհետացումը, որը Ճապոնիայի կառավարությունը նվիրել էր նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյին։
Պետդեպարտամենտի հանրային փաստաթղթերում տեղեկացվում է նվերների շարքի մասին, որոնք հանձնվել են մի քանի պետական պաշտոնյաների, ներառյալ Պոմպեոն եւ Թրամփը, 2019թ. ընթացքում։
Պոմպեոյին նվիրված նվերներից մեկը մի շիշ վիսկի էր, որը, համաձայն Պետդեպարտամենտի փաստաթղթի, ստացվել էր 2019թ. հունիսի 24-ին։
Պոմպեոյի փաստաբանը հայտարարել է, որ Թրամփի գլխավոր դիվանագետը չի հիշում, որ մի շիշ վիսկի է նվեր ստացել Ճապոնիայի կառավարությունից։ «Պոմպեոն չի հիշում, թե ինչպես է ստացել վիսկին, եւ չգիտի, թե դրա հետ ինչ է տեղի ունեցել։ Նրան նաեւ ոչինչ հայտնի չէ դրա գտնվելու տեղի մասին։ Նա պատկերացում չունի, թե այդ ինչ մի շիշ վիսկի է»։