ՄԱԿ-ը դատապարտել է մանկական ամուսնությունները Զիմբաբվեում 14-ամյա աղջկա մահվանից հետո
ՄԱԿ-ը դատապարտել է մանկական ամուսնությունները Զիմբաբվեում ծննդաբերությունից հետո 14-ամյա աղջկա մահվանից հետո։
Գործն առաջին պլան է մղել մանկական ամուսնություների գործելակերպը Զիմբաբվեի առաքելական եկեղեցիներում, որոնք նաեւ բազմակնություն են թույլատրում։ Կառավարությունն ավանդաբար աչք է փակում մանկական ամուսնությունների վրա։ Զիմբաբվեում գոյություն ունի ամուսնության մասին օրենքների երկու ժողովածու՝ Ամուսնության մասին օրենք եւ Ավանդական ամուսնությունների մասին օրենք։ Օրենքներից ոչ մեկը չի սահմանում ամոսնության նվազագույն տարիքը, այն դեպքում, երբ սովորական իրավունքը թույլատրում է բազմակնություն։
Ամուսնության մասին նոր օրինագիծը, որը գտնվում է խորհրդարանում՝ քննարկման համար, ուղղված է օրենքների համաձայնեցմանը, 18 տարեկանից ցածր անձանց ամուսնության արգելմանը եւ այն բոլոր անձանց հետապնդումներին, ովքեր հանցակից են անչափահասների ամուսնությանը։
ՄԱԿ-ը «խորին մտահոգությամբ նշում եւ վճռականորեն դատապարտում է» այն հանգամանքները, որոնք հանգեցրել են Մախայի՝ 14-ամյա աղջկա մահվանը երկրի արեւելյան Մարանգե գյուղից։
«Ցավոք, անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական բռնության մասին տագնապալի տեղեկությունները, ներառյալ հարկադրյալ մանկական ամուսնությունները, շարունակում են տեղի ունենալ, եւ սա իսկապես եւս մեկ տխուր դեպք է»։
Զիմբաբվեում յուրաքանչյուր երրորդ աղջիկ, հավանաբար, ամուսնանում է մինչեւ 18 տարեկան դառնալը, տեղեկացրել է ՄԱԿ-ը։
Երկրի ոստիկանությունը եւ պետական գենդերային հանձնաժողովը հայտարարել են, որ հետաքննում են աղջկա մահվան եւ թաղման հանգամանքները։