Մոտ 500 հյուր, բարձրակարգ սնունդ և զվարճանք. Daily Mail-ն ուշագրավ կադրեր է հրապարակել Բարաք Օբամայի 60-ամյակի ճոխ խնջույքից (լուսանկար, տեսանյութեր)
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 60-ամյակը նշել է Մարտաս Վայնյարդ կղզում գտնվող շքեղ առանձնատանը, որտեղից ուշագրավ կադրեր է հրապարակել Daily Mail պարբերականը:
Ֆիքսված կադրերում երևում է, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը, անտեսելով համավարակային սահմանափակումները, առանց դիմակի պարում է: Այնուհետև նա վերցնում է բարձրախոսը ու շարունակում զվարճանալ պարահրապարակում:
Խնջույքն անցկացվել է 12 մլն դոլար արժողությամբ առանձնատանը: Այն սկսվել է մայրամուտին ու շարունակվել մինչև լուսաբաց:
Ըստ որոշ աղբյուրների՝ տոնակատարությանը ներկա է եղել մինչև 500 մարդ՝ մեծամասամբ աստղեր, որոնց թվում էին Ալիշիա Քիսը, Բեյոնսեն, Ջեյ Զին, Գեյլ Քինգը, Թոմ Հենքսը, Ջորջ Քլունին ու Ջոն Լեջենդը:
«Լիբերալ էլիտաները ծիծաղում են մեզ վրա՝ փորձելով սա ներկայացնել, որպես փոքրաթիվ խնջույք»,-ասել է Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ Էլիզ Ստեֆանիկը:
Էքսկլուզիվ խնջույքի մյուս մանրամասները պարզ են դարձել երկու դիջեյների հրապարակումներից՝ չնայած, որ միջոցառումից կադրեր հրապարակելն արգելված է եղել: Լուսանկարներում երևում է, որ խնջույքին բարձրակարգ սնունդ, կոկտեյլներ են մատուցվել:
Գաղտնի ծառայությունը ոչ թռիչքային գոտի է սահմանել առանձնատան երկնքում: