Իրանը կրկին հայտարարում է աֆղանական խաղաղ բանակցություններին նպաստելու պատրաստակամության մասին
Իրանի ԱԳՆ-ն Աֆղանստանում պատերազմող կողմերին կոչ է արել դադարեցնել հակամարտությունները եւ բանակցություններ վարել՝ արտահայտելով աֆղանական խաղաղ բանակցություններն ընդունելու եւ դրանց նպաստելու Թեհրանի պատրաստակամությունը, հաղորդում է Tasnim News-ը:
Իրանի ԱԳՆ-ն հայտարարությունը տարածել է 1998 թվականին աֆղանական Մազարի Շարիֆում իրանցի դիվանագետների եւ լրագրողի սպանության տարելիցի կապակցությամբ:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը հարգում է այս միջադեպի զոհերի հիշատակը ու եւս մեկ անգամ խստորեն դատապարտում կատարված ահաբեկչական գործողությունը:
Իրանը Աֆղանստանում պատերազմի բոլոր կողմերին կոչ է անում դադարեցնել հակամարտությունն ու եղբայրասպանությունը եւ լուծում գտնել բանակցությունների միջոցով, ինչպես նաեւ այդ բանակցություններին նպաստելու եւ դրանք հյուրընկալելու պատրաստակամություն է հայտնում»,- ասված է հայտարարության մեջ: