Մինսկում պահանջել են խանութների «լավագույն վաճառադարակներից» հեռացնել ապրանքներն այն երկրներից, որոնք Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել
Մինսկում գործող խանութները պարտավոր են «լավագույն վաճառադարակներից» հեռացնել ապրանքներն այն երկրներից, որոնք Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել: Ինչպես նշում է mk.ru-ն, նման պահանջով է հանդես եկել Մինսկի քաղաքային գործկոմի նախագահը:
«Մի շարք երկրներ մեր դեմ պատժամիջոցներ են սահմանել՝ Ուկրաինան, Լիտվան, Լեհաստանը, իսկ նրանց արտադրանքը (քաղցրավենիք, կեքս, թեյ, բլիթներ) գտնվում են խանութների լավագույն վաճառադարակներում: Միևնույն ժամանակ, հայրենական արտադրանքը դեռ պետք է որոնել: Հետևաբար, մենք կոշտ հարց ենք դրել ցանցերի առջև՝ կա՛մ իրավիճակը փոխվում է, կա՛մ մեր կողմից միջոցներ ենք ձեռնարկելու», - ընդգծել է պաշտոնյան:
Նա հավելել է, որ նման որոշում «պետք է ընդունվի երկրի մակարդակով»:
Ավելի վաղ Լեհաստանն ու Լիտվան Եվրամիությանը կոչ էին արել ընդլայնել Բելառուսի դեմ պատժամիջոցները՝ կապված այն բանի հետ, որ Ալեքսանդր Լուկաշենկոն «անօրինական միգրացիան վերածել է ԵՄ-ի վրա քաղաքական ճնշման գործիքի»: