ՌԴ-ն օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ը մարտավարական և հատուկ վարժանքներ կանցկացնի Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի 20 համակցված զորավարժարաններում երկկողմանի գումարտակային մարտավարական և հատուկ վարժանքները կանցկացվեն 2021 թվականի օգոստոսին և սեպտեմբերին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ օկրուգի մամուլի ծառայությանը հղումով:
«Երկկողմ գումարտակային մարտավարական և հատուկ վարժանքների փուլը կանցկացվի օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ը...Զորավարժություններն անցկացվելու են Աստրախանի և Ռոստովի մարզերում, Ստավրոպոլի և Կուբանի շրջաններում, Ադիգեայում, Դաղստանում, Հյուսիսային Օսիայում, Չեչնիայում, Ղրիմում, ինչպես նաև Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռուսական ռազմաբազաներում»,-ասվում է հաղորդագրությունում:
Հարավային ռազմական օկրուգի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի որոշմամբ՝ վարժանքներին կմասնակցեն տարբեր տեսակի զորքերի մասնագետներ, ներառյալ ճառագայթման, քիմիական և կենսաբանական պաշտպանության, ինժեներական զորքերի, ռադիոէլեկտրոնային պայքարի, հետախուզության, նյութատեխնիկական և բժշկական աջակցության ստորաբաժանումները:
Բացի այդ, ներգրավված կլինեն բանակի, ռազմատրանսպորտային, գրոհային և օպերատիվ-մարտավարական ավիացիայի ուժերը, ինչպես նաև Սևծովյան նավատորմի և Կասպից նավատորմի ստորաբաժանումներն ու կազմավորումները:
Զորավարժությունների ընթացքում զինծառայողները կմշակեն առաջադրանքների կատարումը տարբեր լանդշաֆտներում, բնակավայրերում՝ ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը: