Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյան դատապարտվել է մոտ 9 տարվա բանտարկության
Նախօրեին Ադրբեջանում, Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը վճիռ է կայացրել Աղստաֆի շրջանային գործադիր վարչակազմի նախկին ղեկավարՆիզամեդդին Գուլիեւի եւ նրա նախկին տեղակալ Ռամիզ Թաթարովի դեմ։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ձերբակալվել էր 2019 թվականին այդ երկրի պետանվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում։
Ըստ այդմ, Գուլիեւը դատապարտվել էր ինը տարվա ազատազրկման, Թաթարովը՝ 8 տարի վեց ամսվա ազատազրկման։ Դատարանը որոշում էր կայացրել նաեւ երկու ամբաստանյալների կողմից անօրինական ճանապարհով հայթայթված ողջ ունեցվածքը բռնագանձել պետության օգտին։
Նիզամեդդին Գուլիեւը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունների մշտական չարաշահման մեջ։ Իր տեղակալ Ռամիզ Թաթարովի միջոցով նա անօրինական ճանապարհով գումարներ է պահանջել ու ստացել իր կողմից ղեկավարվող շրջանային վարչակազմի տարբեր պաշտոնյաներից, կաշառք է ստացել նաեւ գործարարներից, իրականացրել պետական միջոցների յուրացում, հանրային աշխատանքներում ներգրավված անձանց հասանելի վճարների յուրացում։