Բաթումում հանգստացողներին կոչ են արել դիմակներ կրել բուլվարով զբոսնելիս
Վրաստանի Սևծովյան քաղաքում՝ Բաթումում, հանգստացողներին կոչ են անում ծովափի տարածքով քայլելիս պահպանել կորոնավիրուսի կանոնները: Համապատասխան հայտարարությունն այսօր հրապարակել է Բաթումիի բուլվարի վարչակազմը:
Jnews.ge-ի փոխանցմամբ՝ մասնավոր ձեռնարկատերերին, որոնց օբյեկտները գործում են բուլվարի տարածքում, կոչ են անում «հնարավորինս վերահսկել իրավիճակն իրենց տարածքում» և պահպանել Վրաստանի իշխանությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանած կանոնները:
«Մենք նաև դիմում ենք այն այցելուներին, ովքեր ամեն օր օգտվում են զբոսայգու տարածքից։ Խուսափե՛ք զանգվածային հավաքներից, կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
Համաճարակաբանները կարծում են, որ կորոնավիրուսի նոր՝ ավելի վարակիչ շտամների հետ մեկտեղ, զանգվածային հավաքները նույնպես դարձել են երկրում դեպքերի աճի գլխավոր պատճառը: