Նարեկը պատրաստ էր մենամարտին ու դա ցույց տվեց ռինգում. Արամ Դավթյան
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն իր հերթական հաղթանակը տարավ: Թեթևագույն քաշային կարգում Punch Boxing ընկերությունը ներկայացնող բռնցքամարտիկը Եկատերինբուրգում կայացած մենամարտում հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Սաբելո Նգեբինյանային:
ArmSport-ի հետ զրույցում Punch Boxing ընկերության հիմնադիր, Նարեկ Աբգարյանի ու Գոռ Երիցյանի պրոմոութեր Արամ Դավթյանը խոսեց մենամարտի մասին.
«Չնայած ունեցած պարտություններին, Նարեկի մրցակիցը ռեյտինգով ավելի բարձր էր, ինչը խոսում է նրա բարձր կարգի մասին: Մրցակիցը փորձում էր խոչընդոտներ ստեղծել, բայց Նարեկն իր ինտելեկտի շնորհիվ թույլ չէր տալիս, որ դրանք նպատակին հասնեն:
Հատկանշական է, որ մրցակիցը նաև նոկդաունի ենթարկվեց: Դա նույնպես խոսում է Նարեկի պատրաստվածության մասին: Կարող եմ ասել, որ շատ գոհ եմ մենամարտից ու հուսով եմ, որ այս մենամարտից հետո նրա համար նոր դռներ կբացվեն: Շնորհավորում եմ Նարեկ Աբգարյանին ու Գոռ Երիցյանին, որն այս ընթացքում եղել է Նարեկի կողքին, և սպասում ենք նաև Գոռի հերթական մենամարտին»,-ասաց Արամ Դավթյանը: