Լյուիս Հեմիլթոնը 2,6 մլն դոլար արժողությամբ Pagani Zonda-ով շրջել է Մոնակոյի փողոցներով՝ «մոռանալով» տված խոստման մասին (տեսանյութ)
Տեսանյութեր«Ֆորմուլա 1»-ը մինչև օգոստոսի 29-ն ամառային հանգստի է, ուստի ավտոմրցարշավորդներից շատերը վայելում են արձակուրդը, գրում է Luxury Launches-ը՝ մանրամասնելով, որ «Ֆորմուլա 1»-ի աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը հանգստանում է իր սիրելի վայրերից մեկում՝ Մոնակոյում:
Հատկանշական է, որ սոցցանցերում վերջին օրերին տարածվել են լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում ավտոմրցարշավորդը Մոնակոյի փողոցներում վարում է Pagani Zonda հազվագյուտ սուպերքարը:
Շատերին այս փաստը դուր չի եկել, քանի որ Հեմիլթոնը 2020-ին տված հարցազրույցում ցանկություն էր հայտնել անցում կատարել շրջակա միջավայրի համար վնաս չներկայացնող ապրելակերպի ու ակտիվ քայլեր ձեռնարկել «Ֆորմուլա 1»-ի մեքենաների կողմից արտանետվող ածխախնի ծավալների կրճատման ուղղությամբ:
Նա խոստացել էր վեգան դառնալ, վաճառել մասնավոր օդանավը, օգտագործել էլեկտրական մեքենաներ կամ գոնե իր ունեցած բենզինային շարժիչով մեքենաների մեծ մասը փոխարինել էլեկտրականներով: Սակայն այժմ նրան նկատել են 2,6 մլն դոլար արժողությամբ Pagani Zonda-ի ղեկին, որը համալրված է 7,3 լ աշխատանքային ծավալով V12 շարժիչով, որը, ինչպես նկատում է Luxury Launches-ը, որևէ տեսանկյունից էկո-բարենպաստ չէ: