«Ինչու պետք է թատրոն փակվի, որ մարդիկ ունենան փորձատեղի». Կամերայինի դերասանները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ
Կամերային երաժշտական թատրոնի դերասաններն այսօր՝ օգոստոսի 6-ին, բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ. նրանք պահանջում էին հանդիպում վարչպետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք, որ նրանք բողոքում են ԿԳՄՍ նախարարության որոշման դեմ, որով կամերային երաժշտական թատրոնը մտադիր են միացնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, իսկ Կարեային թատրոնի շենքը տրամադրել սիմֆոնիկ նվագախմբին՝ փորձեր իրականացնելու համար:
Կամերային թատրոնի դերասաններից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ եւ ասացինք, որ թատրոնի կոլեկտիվը ներքեւում է եւ խնդրում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Մենք ուզում ենք անձամբ հանդիպել վարչապետի հետ՝ հույ ունենալով, որ տետատետ հանդիպման ժամանակ շատ հարցերում կկարողանանք ավելի ճիշտ ներկայացնել խնդիրը: Մենք նաեւ բաց նամակով ենք հանդես եկել:
Նշվում է, որ թատրոնը շեղվել է իր հիմնական կանոնադարական առաքելությունից, այն է երաժշտական ներկայացումները: Մեր բոլոր ներկայացումները, մասնավորապես, մանկակականները երաժշտական են: ԿԳՄՍ փոխնախարար Խզմալյանն ասում է, որ ճիշտ չէ, որ դերասանները երգում են ֆոնոգրամմայի տակ: Այստեղ խնդիրը միայն տեխնիկական է եւ հեշտ լուծելի: Կարծում եմ՝ տեխնիկական խնդրի պատճռով Որեւէ կառույց չենք փակում: Դպրոցը, որը չունի ջեռուցում, չենք փակում»:
Թատրոնի դերասաններից մեկը նկատեց, որ անհասկանալի է Սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանի դիրորոշումը. «Ինքն արվեստագետ է, անհատ մտածող եւ պետք է հայտնի իր դիրքորոշումը: Եթե ինքը տեսնում է, որ իրեն փորձատեղի տրամադրելու համար մի ամբողջ կոլեկտիվի կարող են հանել եւ մնան դրսում, ինքը պետք է դիրքորոշում հայտնի:
Որպես արվեստագետ, պարոն Սմբատյանը պետք է դեմ լինի, որ թատրոն փակվի Հայաստանում: Եթե արվեստագետը լռում է, դրանով մասնակցում է այդ վանդալիզմին: Ինչու պետք է թատրոն փակվի, որ մարդիկ ունենան փորձատեղի: Լիքը շենքեր կան ավելի լավ պայմաններով, ինչու եք գտել այս փոքրիկ թատրոնը, որը պետք է վերակառուցվի, որ կարողանաք փորձեր անել»:
Թատրոնի դերասանները հույս հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանը կընդունի իրենց եւ օբյեկտիվ որոշում կկայացնի: