Մինչև օգոստոսի 23-ը ժամանակ ունենք. պետք է ներկայացնենք կառավարության ծրագիրը. Փաշինյան
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) Հայաստանին չորրորդ մեդալը բերեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գյումրեցի բռնցքամարտիկի նվաճած մեդալից հետո Հայաստանն ընդհանուր մեդալային հաշվարկում 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալով բարձրացավ 66-րդ տեղ:
17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում ավելի վաղ Տոկիո-2020-ում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) նվաճել էին արծաթե մեդալներ, իսկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր էր դարձել սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում:
Հայաստանի վերջին ներկայացուցիչ, ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը պայքարի մեջ է մտել օգոստոսի 6-ին և մեկնարկային գոտեմարտում 0:6 հաշվով պարտվել է աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովին: Եթե 25-ամյա ռուս ըմբիշը նվաճի եզրափակիչի ուղեգիր, Վազգեն Թևանյանը հնարավորություն կստանա օգոստոսի 7-ին պայքարել բրոնզե մեդալի համար:
Այս պահին մեդալային հաշվարկի առաջատարը Չինաստանն էր, որը նվաճել է 34 ոսկե, 22 արծաթե ու 16 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում է ԱՄՆ-ի հավաքականը 30 ոսկե, 35 արծաթե, 27 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակում են ճապոնացիները (22 ոսկե, 10 արծաթե, 15 բրոնզե մեդալ):