Մակրոնը Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության խնդիրները
Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղումով կատարելով Ելիսեյան պալատին, երկու պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները:
«Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Էմանուել Մակրոնը պայմանավորվել են տարածաշրջանում կայունության ամրապնդման ուղղությամբ համագործակցության մասին՝ ապավինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) աջակցությանը»,- հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկու առաջնորդների հեռախոսազրույցի արդյունքներով Ելիսեյան պալատի հայտարարությունը:
Զրույցի ընթացքում Մակրոնը մտահոգություն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լարվածության վերաբերյալ: «Նախագահները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ մնացած դժվարությունները, որոնք պետք է հաղթահարվեն նոյեմբերի 9-ի (2020թ․) համաձայնագրի լույսի ներքո, որին աջակցում է Ֆրանսիան», -հավելել է վարչակազմը: