2018-ից նա պարտվում է ինձ. Եվլոևը խոսել է Արթուր Ալեքսանյանի մասին
Հունահռոմեական ոճի ռուսաստանցի ըմբիշ Մուսա Եվլոևը մեկնաբանել է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի 97 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտից հետո վերջինիս դժգոհությունը մրցավարների նկատմամբ: Եվլոևի խոսքերը ներկայացրել է ՏԱՍՍ-ը։
Հարցին, թե ինչ է մտածում Արթուր Ալեքսանյանի` «պիտի Ռուսաստանից լինես, որ հաղթես» արտահայտության մասին` Եվլոևը պատասխանել է. «Ինչպե՞ս եմ ես վերաբերվում նրա խոսքերին: Չգիտեմ՝ 2018-ից նա պարտվում է ինձ բոլոր մրցաշարերում, որտեղ հանդես ենք գալիս։ Պիտի առաջին հերթին իր մեջ վերլուծություններ անի։ Այսօր նա ոչինչ չարեց ինձ հաղթելու համար: Բայց նա շատ արժանի մրցակից է, նաև դրա շնորհիվ է, որ ես այսօր այս մարզավիճակում եմ: Մենամարտից հետո Արթուրը շնորհավորեց ինձ, մենք շնորհակալություն հայտնեցինք միմյանց մենամարտի համար: Ընդհանրապես մենք նորմալ շփվում ենք, նա լավ տղա է: Մենք լավ հարաբերություններ ունենք, կոնֆլիկտ չկա»։
Նա նշել է, որ միշտ ուզում է մենամարտում ապացուցել, որ ինքն ամենաուժեղն է:
«Ալեքսանյանի դեմ հանդիպումը որքանո՞վ էր կարևոր: Ինձ համար յուրաքանչյուր հանդիպում կարևոր է: Կարևոր չէ՝ վերջնականն է ՝ առաջինը, թե երկրորդը: Ես միշտ ուզում եմ մենամարտում ապացուցել, որ ես ամենաուժեղն եմ: Հեռանալ-չհեռանալը Ալեքսանյանի իրավունքն է: Եթե նա վնասվածք ունի, դա նրա խնդիրն է: Ինձ համար գլխավորը ոսկե մեդալով հեռանալն է այստեղից»,- նշել է մարզիկը: