Եղած ջուրը փորձում ենք խնայողաբար օգտագործել, որպեսզի մաքսիմում երկար օգտագործենք. «Արմավիր» ՋՕԸ տնօրենը՝ մարզում ոռոգման ջրի խնդրի մասին. Armdaily
Երեկ Արմավիրի մարզի Խանջյան համայնքի բնակիչները մոտ մեկ ժամ փակել էին Արմավիր-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհը։ Բողոքի ակցիայի մասնակիցները բավարար քանակով ոռոգման ջուր էին պահանջում։ Նշենք, որ Արմավիրի մարզում ջուրը մատակարարվում է ընդհատումներով՝ եռօրյա գրաֆիկով, մասնավորապես՝ 3 օր ջուրը բաց է թողնվում, 3 օր՝ դադարեցվում։ Գյուղացիները պնդում են, որ 3 օրում բոլորին ջուր չի հասնում, առաջարկում են փոխել ջրամատակարարման գրաֆիկը։
ArmDaily.am-ի հետ զրույցում «Արմավիր» ՋՕԸ տնօրեն Վահագն Արշակյանը ասաց, որ այս պահին խնդիրը լուծված է։
«Ջրի մի մասը գալիս է Ախուրյանի ջրամբարից մի մասը գետով։ Գետը տատանվել էր, իսկ հարցը բարձրացրած գյուղերն էլ մեր մայր ջրանցքի ծայրամասի գյուղերն են, այսինքն 47-48 կմ ջրանցքով բերում ենք, որ հասցնենք իրենց։ Երեկ, երբ գյուղացիները դուրս էին եկել, ճանապարհ փակել, իրենց պահանջը լրիվ արդարացի էր, որովհետև 5-7 օր, նույնիսկ ավել կային մարդիկ, ովքեր չէին ջրել իրենց մշակաբույսը։ Երբ իրենք դուրս էին եկել ճանապարհ, ջուրը արդեն հասել էր այնտեղ, և խնդիրը լուծված է, բոլոր համայնքներում այս պահին ջուր կա»,- ասաց Արշակյանը՝ նշելով, որ 16-20 ժամ ժամանակ է ծախսվում մինչև ջրանցքով հասնում է գյուղեր ոռոգման ջուրը։
ՋՕԸ տնօրենը նշեց, որ իրենց ընկերությունը սպասարկում է 15 հազար հեկտար տարածք, և Արշակյանը նորմալ է համարում, որ տարվա մեջ նմանատիպ խնդիրներ են առաջանում։
Ինչ վերաբերում է առհասարակ այս տարի ոռոգման ջրի հետ կապված խնդիրներին՝ Արշակյանը նշում է, որ այս տարի սակավաջուր տարի է։
«Ախուրյանի ջրամբարը անցած տարվա հետ համեմատած , ու ոչ միայն անցած տարվա, իր ամբողջ ծավալի լցվածության, հետ այս տարի մոտ 200 մլն-ի դեֆիցիտ ենք ունեցել։ Իսկ հիմա եղած ջուրը փորձում ենք խնայողաբար օգտագործել, որպեսզի մաքսիմում երկար օգտագործենք։ Ինչ որ քանակի ջուր կա, որը հասնում է «Արմավիր» ՋՕԸ-ին, ես կարող եմ այդ ամբողջ ջուրը վերցնել, և օրինակ 12, 18 կամ 20 օր ամբողջ ջուրը բերեմ, բայց հետո վերջանա այդ ջուրը։ Այնպես չէ կա ջուր, մեզ ջրառը չի տալիս, ջրառը ասել է կա էսքան ջուր, դուք պլանավորեք, գրաֆիկ գծեք, մենք այդ գրաֆիկով ձեզ ջուրը մատակարարենք»,- պարզաբանեց Արշակյանը։
Վերջինս նշում է, որ խնդիրը կարգավորելու համար՝ տարվա սկզբից մի շարք համայնքներ փորձել են անցնել լոկալ ջրամատակարարման, այսինքն ջրամատակարարումը ապահովեն խորքային հորերով։
«Ունենք գյուղեր, որոնք 100, 90 և 70 տոկոսով խորքային հորերով ենք ջրամատակարարումը անում»,- նշում է ՋՕԸ տնօրենը։