ԱՄՆ-ն մտադիր է Թայվանին 750 մլն դոլար արժողությամբ ինքնագնաց հաուբիցներ վաճառել
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին 750 մլն արժողությամբ 40 միավոր 155-միլիմետրանոց M109A6 ինքնագնաց հաուբիցային հրետանային համակարգ վաճառելուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Փաթեթը ներառելու է հաուբիցներ, գրեթե 1,7 հազար լրակազմ նշանառման համակարգեր, Թայվանի սպառազինությունում գտնվող նախորդ սերնդի հրանոթների պահեստամասեր և սարքավորումների արդիականացում:
Պենտագոնն օգոստոսի 4-ին արդեն Կոնգրեսին ծանուցել է հնարավոր վաճառքի մասին: Թայվանի ռազմական գերատեսչությունը օգոստոսի 5-ին «անկեղծ շնորհակալություն» է հայտնել ԱՄՆ-ին, հայտարարելով, որ դա կօգնի բարձրացնել «իր ցամաքային զորքերի արագ արձագանքման ունակությունները», ինչպես նաև այն, որ ամերիկյան սպառազինությունների մատակարարումները տարածաշրջանային կայունությանն աջակցելու հիմքն են»:
Միևնույն ժամանակ Պենտագոնի հաղորդագրության մեջ չի ճշտվում, որ մատակարարման պարտավորագիրն արդեն ստորագրվել է: Չինաստանը հետևողականորեն և վճռականորեն հանդես է գալիս Թայվանին օտարերկրյա զենք վաճառելու դեմ, ընդգծելով, որ դա լրջորեն խախտում է մեկ Չինաստանի սկզբունքը, կոպիտ միջամտություն է Չինաստանի ներքին գործերին, նրա ինքնիշխանության և անվտանգության շահերի խախտում: