Ամերիկացիների 53 %-ը հավանություն է տալիս համավարակի դեմ պայքարում Բայդենի գործողություններին
ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի գործունեությանը կորոնավիուսի համավարակի դեմ պայքարի բնագավառում հավանություն է տալիս ամերիկացիների 53 տոկոսը: Բացասաբար է գնահատում 40 տոկոսը, վկայում են Քվինիպեկի համալսարանի անցկացրած հասարակական կարծիքի հարցման՝ օգոստսի 4-ին հրապարակված արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մայիսին այդ ոլորտում ԱՄՆ-ի վարչակազմի աշխատանքին հավանություն է տվել համանման սոցիոլոգիական հետազոտության մասնակիցների 65 տոկոսը: Բացասական տեսակետ է ունեցել հարցվածների 30 տոկոսը:
«Ինչո՞ւ է նախագահ Բայդենը կորցնում ամերիկացիների պաշտպանությունը: Այն իրավիճակում, երբ չպատվաստվածները դառնում են կորոնավիրուսի դելտա-տարբերակի զոհ, Սպիտակ տան լավատեսությունը, որը հայտարարել է, թե ամենադժվարինն անցյալում է, վաղաժամ է»,- պարզաբանել է համալսարանի հասարակական կարծիքի հարցումների մասնագեատ Թիմ Մելոյը:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի նախագահի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների 46 տոկոսը, հակառակ տեսակետին է 43 տոկոսը: Դեմոկրատ Բայդենի տնտեսական քաղաքականությանը հավանություն է տալիս հարցման մասնակիցների 43 տոկոսը, բացասաբար է գնահատում 48 տոկոսը: ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը հավանություն է տալիս ամերիկացիների 42 տոկոսը, հավանություն չի տալիս՝ 44 տոկոսը: