Երևանում ծառայության ժամանակ վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության տեսուչը․ shamshyan.com
Այսօր, օգոստոսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Սիմոնյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարյաքաղաքային փողոցում, ժողովրդին հայտնի Փարաքարի ԳԱԻ պոստի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 28-ամյա Արթուր Կարապետյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանն ու նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանը։ Տեղում ծառայություն են կատարել Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Ռուսլան Միրզոյանն ու Մարտուն Պետրոսյանը։ Վրաերթի մասին ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են նույն ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ․ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է սթափ։ Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը աշխատում է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակում որպես ավագ տեսուչ։ Եվ նա այդ պահին եղել է ծառայության մեջ իր գործընկերոջ հետ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: