Եվրոպայի լիգա. «Ալաշկերտը» մեկնել է «Կայրաթի» դեմ խաղին
Չեմպիոնների լիգայից դուրս մնացած Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» մեկնել է ղազախական «Կայրաթի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Կայրաթի» ու «Ալաշկերտի» միջև հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 5-ին Ալմաթիում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Ղազախստանի չեմպիոնի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ «Կայրաթի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում կմրցի «Մալմյո» (Շվեդիա) – «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի դիմակայության պարտվողի հետ:
«Ալաշկերտ» – «Կայրաթ» զույգի պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կհանդիպի «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) – «Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողին:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել էր մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: