Տոկիո-2020. Արսեն Հարությունյանը դուրս մնաց պայքարից
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ) զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
2019թ. Եվրոպայի չեմպիոն, 2020թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ու աշխարհի անհատական գավաթի խաղարկության փոխչեմպիոն 21-ամյա ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 1:6 հաշվով պարտվել էր Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատին։
Եթե 28-ամյա Բեհբայար Էրդենեբատին կարողանար նվաճել եզրափակիչի ուղեգիր, Արսեն Հարությունյանը հնարավորություն կստանար օգոստոսի 5-ին պայքարել բրոնզե մեդալի համար: Սակայն քառորդ եզրափակիչում Մոնղոլիայի ներկայացուցիչը 1:5 հաշվով պարտվեց իրանցի Ռիզա Աթրինագարչիին:
Տոկիո-2020-ում Արսեն Հարությունյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր օգոստոսի 4-ին:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) պայքարը կսկսի օգոստոսի 5-ին:
Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ, 57 կգ քաշային կարգ
Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 22-ին Մասիս քաղաքում:
Անձնական մարզիչներն են Գեւորգ Վարդանյանը եւ Արշախ Հայրապետյանը:
Արսեն Հարությունյանը 2015 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, 2017թ. երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր (2018):
Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018 թվականի Հայաստանի չեմպիոնությամբ (57 կգ): 2019 թվականին Բուխարեստում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ:
2020 թվականին Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Նույն տարում աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճել է արծաթե մեդալ:
Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2021 թվականի մարտի 18-19-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում՝ դառնալով ոսկե մեդալակիր: