Ռուբինյանն իմ ընկերն ա, կարող ա մոտիկանա, ինձ հետ խոսա, բայց ես էդ մա՞րդն եմ, որ ինձ իշմար տան․․․ ինչի՞ եք պատմություն սարքել. Հասանով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ տարիքով ամենաավագ պատգամավոր Կնյազ Հասանովի համար նախօրեն շատ ծանր էր։ Նա մի քանի ժամ ստիպված էր վարել 8-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստը և ենթարկվել ընդդիմադիրների ու իշխանությունների «կտտանքներին»։
«Բայց լավ էլ անցավ, լավ էլ վարեցի, ոչ մի արտառոց բան չեղավ»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ իշխանությունն իրեն ոչինչ չի հրահանգել, առավել ևս՝ «իշմար չի տվել», ինչի մասին տեղից անզգույշ հայտարարել էր Ռուբեն Ռուբինյանը։
«Ռուբինյանն իմ ընկերն ա, կարող ա մոտիկանա, ինձ հետ խոսա, բայց ես էդ մա՞րդն եմ, որ ինձ իշմար տան․․․ ինչի՞ եք պատմություն սարքել»։ Ինչո՞ւ չկատարեցիք ընդդիմադիրների պահանջը, գլխավոր դատախազին չհրավիրեցիք․ իբրև նիստը վարող՝ ունեիք նման իրավունք։ «Չէ, չկա ըտենց բան, կանոնակարգով ինձնից հասնում էր արարողակարգն իրականացնել, ինչն էլ արել եմ»։
Ընդդիմադիրները հուշում էին, որ կանոնակարգ-օրենքով նիստը վարողն ունի նույն իրավունքները, ինչ ԱԺ նախագահը․ այդ մասը լավ չէի՞ք սովորել։ «Շատ լավ էլ սովորել եմ, առաջին անգամը չէր, երրորդ անգամն էր, ես ամբողջը սովորել եմ»։
Այս նիստից հետո կրկին պատգամավոր դառնալու ցանկությունը կարո՞ղ է մեռնել Ձեր մեջ, որ նման փորձության այլևս չենթարկվեք։ «5 տարի հետո միգուցե ես մեռնեմ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: