Բայդենը չի մասնակցի Օբամայի 60-ամյակի մեծ խնջույքին, որին հրավիրված է մոտ 500 հյուր. լրատվամիջոցներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկա չի լինի երկրի նախկին ղեկավար Բարաք Օբամայի 60-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք մեծ խնջույքին, որը տեղի է ունենալու Օբամայի՝ Մարտաս Վայնյարդ կղզում գտնվող շքեղ առանձնատանը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը:
Նա անհամբեր սպասում է առաջիկայում նախագահ Օբամայի հետ հանդիպմանը, որպեսզի ինչպես հարկն է ողջունի նրա մուտքը 60-նն անցների ակումբ,-հավելել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման քննադատության թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ ղեկավարը մտադիր է հոբելյանի կապակցությամբ մոտ 500 հյուր կանչել իր առանձնատուն:
Օբաման օգոստոսի 4-ին կդառնա 60 տարեկան, ինչի կապակցությամբ Մարտաս Վայնյարդ կղզում գտնվող շքեղ առանձնատանը պատրաստվում է մեծ խնջույք կազմակերպել:
Սակայն ԱՄՆ-ում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր իրավիճակի և խիստ սահմանափակումների ֆոնին մոտ հինգ հարյուր հյուրի փաստը դժգոհության ալիք է բարձրացրել:
Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ Օբաման հյուրերից 475-ին արդեն որոշել է. նրանց թվում են Օփրա Ուինֆրին, Ջորջ Քլունին, Սթիվեն Սփիլբերգը: Բացի այդ, հյուրերին սպասարկելու է ավելի քան 200 հոգանոց անձնակազմ:
Բոլոր հյուրերը պետք է COVID-ի թեստ հանձնեն և պատվաստված լինեն, իսկ երեկույթը կանցկացվի դրսում:
Բայց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ֆրենսիս Քոլինզը CNN-ի եթերում նախազգուշացրել է, որ պետք է խուսափել մեծ խնջույքներից: