«Թեև ինձ փորձում էին համոզել, որ լուծումը կարող էր ձեռք բերվել սահմանների վերագծման եղանակով. դա անթույլատրելի էր». Գորբաչովն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերակառուցման տարիներին
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը նոր հոդված է հեղինակել վերակառուցման տարիներին տեղի ունեցած իրադարձությունների մասին, որում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և խորհրդային տարիներին դրա կարգավորման հնավարորությանը: Հոդվածը հրապարակվել է Россия в глобальной политике ամսագրում:
«Հակամարտության արմատները հին են, այն ժամանակ խնդիրը պարզ լուծում չուներ և հիմա էլ չունի, թեև ինձ փորձում էին համոզել, որ այն կարող էր ձեռք բերվել սահմանների վերագծման եղանակով: Երկրի ղեկավարությունը միասնական կարծիք ուներ. դա անթույլատրելի է»,- իր հոդվածում նշել է Գորբաչովը:
Վերջինս հավելել է, որ իր կարծիքով` «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին պայմանավորվածության ձեռքբերումը հայերի և ադրբեջանցիների գործն է, իսկ միութենական կենտրոնի դերը նրանց օգնելն է իրավիճակի կարգավորման, մասնավորապես` տնտեսական խնդիրների լուծման հարցում»: «Վստահ եմ, որ դա ճիշտ գիծ էր»,- շեշտել է Գորբաչովը:
Նրա խոսքով`«Հայաստանի և Ադրբեջանի ո՛չ կուսակցական կառույցները, ո՛չ մտավորականությունը չկարողցան համաձայնության կամ երկխոսության հասնելու ճանապարհ գտնել, և նրանց հետին պլան մղեցին ծայրահեղականները»: Այս մասին գրելով` Գորբաչովը հիշատակել է 1988 թվականի Սումգայիթի ջարդերը` նշելով, որ «կոտորածը կանգնեցնելու համար, ստիպված էին գործարկել զինված ուժերը»: