Տոկիո-2020. Օգոստոսի 3-ին Հայաստանը կունենա 6 մասնակից
Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանն օգոստոսի 3-ին կունենա 6 մասնակից աթլետիկայում, բռնցքամարտում, ըմբշամարտում եւ ծանրամարտում։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում օգոստոսի 3-ին Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցագորգ դուրս կգա 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը։
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը (2018, 2019, 2020) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից։ 26-ամյա ըմբիշը կմրցի 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ: Հաղթողը քառորդ եզրափակիչում կարող է հանդիպել աշխարհի կրկնակի չեմպիոն, 33-ամյա կորեացի Ռյու Սան Սուի հետ, որը պայքարը կսկսի որակավորման փուլից:
67 կգ քաշային կարգի գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 06:30-ին:
77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Կարապետ Չալյանը, որի մրցակիցը կլինի ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի ու թունիսցի Լամջեդ Մաաֆիի միջև սփոփիչ գոտեմարտի հաղթողը:
97 կգ քաշային կարգի եզրափակիչում 2016թ. օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կգոտեմարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ:
Կիսաեզրափակիչները, բրոնզե մեդալի համար գոտեմարտերն ու եզրափակիչները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 13։15-ին։
Բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը 63 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ, 2017թ․ Ասիայի չեմպիոն, 2015թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ԱՄՆ-ում բնակվող Էլնուր Աբդուրաիմովի հետ, որը 1/8 եզրափակիչում 5։0 հաշվով հաղթել է տաջիկ Բախոդուր Ուսմոնովին։
Մենամարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 07։03–ին։ Հաղթանակի դեպքում Հավհաննես Բաչկովը կապահովի առնվազն բրոնզե մեդալ։
Աթլետիկայի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը օգոստոսի 3–ին կմասնակցի եռացատկի նախնական փուլին։ Նա Բ խմբի 16 մասնակիցներից կմեկնարկի 9–րդը։ Եվս 16 եռացատկորդ ընդգրկված կլինի Ա խմբում։
Եզրափակիչ դուրս կգան 17,05 մետր արդյունք ցույց տված մարզիկները կամ 12 լավագույները։ Լեւոն Աղասյանի անձնական ռեկորդը 17,16 մետր է, սահմանել է այս տարի։
Եռացատկի նախնական փուլը տեղի կունենա Երեւանի ժամանակով 04:00-07:35-ը:
Օգոստոսի 3–ին մրցահարթակ դուրս կգա ծանրամարտի տղամարդկանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը։
109 կգ քաշայինների Ա խմբի մրցումը կսկսվի Երեւանի ժամանակով 14։50-ին։