Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է, Հայաստանն ապահովեց առաջին մեդալը
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) երրորդ հաղթանակը տարավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում և դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով Հայաստանի առաջին մեդալը Տոկիո-2020-ում:
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում մրցեց 23-ամյա իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ ու հաղթեց 4:1 հաշվով:
Առաջին մրցափուլի միջնամասում գյումրեցի ըմբիշը մրցակցի պասիվության համար ստացավ մեկ միավոր ու պարտերում վերևից աշխատելու հնարավորություն, սակայն Սարավին հաջող պաշտպանվեց և Ալեքսանյանին թույլ չտվեց գլորում կատարել: Առաջին մրցափուլում գրանցվեց 1:0 հաշիվը:
Երկրորդ մրցափուլում պարտերում վերևից աշխատելու հնարավորություն ստացավ իրանցի ըմբիշը և հաշիվը հավասարվեց՝ 1:1: Արթուր Ալեքսանյանն անթերի պաշտպանվեց պառկած դիրքից, և ըմբիշները պայքարը շարունակեցին կանգնած: Օլիմպիական չեմպիոնը շատ ակտիվ էր, ինչից հետո մրցակիցը դարձյալ հայտնվեց պարտերում: Արթուր Ալեքսանյանը բարձրացրեց մրցակցին, վաստակեց 2 միավոր, սակայն ոտքի մկանը ձգեց այդ պահին: Մինչ հայ ըմբիշը բուժօգնություն էր ստանում, Իրանի թիմի մարզիչները բողոքարկեցին և պարտվեցին, ինչից հետո հաշիվը դարձավ 4:1: Այդ հաշիվը պահպանվեց մինչև գոտեմարտի ավարտը:
Օգոստոսի 3-ին կայանալիք երափակիչում 29-ամյա Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևը:
Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակով, իսկ երկրորդ գոտեմարտում 5:1 հաշվով ուժեղ էր գտնվել ֆինն Արվի Սավոլայնենից:
Օգոստոսի 2-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է մտել նաև Կարապետ Չալյանը (77 կգ), որը 2 հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում 2:6 հաշվով պարտվեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովին և բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի օգոստոսի 3-ին:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչ Արմեն Մելիքյանն օգոստոսի 1-ին հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում և լքել պայքարը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (67 կգ) պայքարի մեջ կմտնի օգոստոսի 3-ին և 1/8 եզրափակիչում կմրցի 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ:
Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 2 մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):
Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 97 կգ քաշային կարգ
Ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում: Անձնական մարզիչը հայրն է՝ Գեւորգ Ալեքսանյանը:
Արթուր Ալեքսանյանը 2012թ., 2013 թ., 2014թ., 2018թ. եւ 2020 թվականների Եվրոպայի չեպիոն է, 2014թ., 2015թ. եւ 2017 թվականների աշխարհի չեմպիոն, 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոն:
Օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019թ․ աշխարհի առաջնությունում։
2011-ից Հայաստանի լավագուն մարզիկների շարքում է, 4 անգամ գլխավորել է լավագույն տասնյակը: Արթուր Ալեքսանյանը 2012-ին պարգեւատրվել է Մովսես Խորենացու անվան մեդալով, 2014-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, 2015-ի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։
2016 թվականից Գյումրու եւ Երեւանի պատվավոր քաղաքացի է: 2019 թվականից ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) դեսպան է:
Ամուսնացած չէ:
Տոկիո 2020-ը Արթուր Ալեքսանյանի երրորդ Օլիմպիական խաղերն է: