Պոչետինո. ՊՍԺ-ն լավագույն թիմն էր խաղադաշտում
Փարիզի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է ֆուտբոլի Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում երկրի նորընծա չեմպիոն «Լիլից» կրած պարտությունը նվազագույն հաշվով: Իսրայելի Թել Ավիվ քաղաքում տեղի ունեցած խաղում «Լիլի» միակ գոլը 45-րդ րոպեին խփել էր պորտուգալացի կիսապաշտպան Շեկան:
«Կարծում եմ՝ մենք լավագույն թիմն էին խաղադաշտում: Չկարողացանք իրացնել մեր գոլային պահերը, իսկ հաղթանակի համար անհրաժեշտ է գոլ խփել: Սա նոր մրցաշրջան է, ես գոհ եմ իմ խաղացողների աշխատանքից: Կլինենք ավելի լավը, երբ խաղերին ներկայանանք ամբողջական կազմով: Ցանկանում էինք հաղթել, և ամեն ինչ արեցինք դրա համար»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Լիլն» առաջին անգամ նվաճեց Ֆրանսիայի Սուպերգավաթը։ ՊՍԺ-ն Ֆրասիայի 10-ակի սուպերգավաթակիր է, ինչը ռեկորդային ցուցանիշ է։