Տոկիո-2020. Կարեն Ասլանյանը կմեկնարկի փորձառու մրցակցի հետ գոտեմարտով (Լուսանկարներ)
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում տեղի է ունեցել 67 կգ քաշային կարգի վիճակահանությունը:
Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի առաջնության եռակի Եվրոպայի բրոնզե մեդալակիր (2018, 2019, 2020) 26-ամյա Կարեն Ասլանյանը (67 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ: Հաղթողը քառորդ եզրափակիչում կարող է հանդիպել աշխարհի կրկնակի չեմպիոն, 33-ամյա կորեացի Ռյու Սան Սուի հետ, որը պայքարը կսկսի որակավորման փուլից:
67 կգ քաշային ըմբիշները պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 3-ին: Գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 06:00-ին:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչ Արմեն Մելիքյանն օգոստոսի 1-ին հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում և լքել պայքարը:
Օգոստոսի 2-ին պայքարի մեջ մտած օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) 2-ական հաղթանակ տանելուց հետո դուրս են եկել կիսաեզրափակիչ: Կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի իրանցի Մոհամադհադի Սարավին, իսկ Կարապետ Չալյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովի հետ:
Կարեն Ասլանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 67 կգ քաշային կարգ
Ծնվել է 1995 թվականի հուլիսի 22-ին Երեւանում
Անձնական մարզիչը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գեւորգյանն է:
Ամուսնացած չէ:
Կարեն Ասլանյանը 2012 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2013 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, 2014 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2015 թվականի Համաբանակային 6-րդ ամառային խաղերի փոխչեմպիոն, 2017 թվականի հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնության չեմպիոն: Մեծահասակների կազմում 2018, 2019 եւ 2020 թվականների դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր, միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող:
Կարեն Ասլանյանը հանդես է գալիս նաեւ ակումբային առաջնություններում:
2017 թվականին «Սամուրգաշև եղբայներ» մարզական ակումբի թիմի կազմում դարձել է Ռուսաստանի գավաթակիր։
2017 թվականին Իրանում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում իրանական «Սինա Սանաթ Իզեհ» թիմի կազմում դարձել է փոխչեմպիոն:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2021 թվականի մայիսի 8-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում: