Ընդհարում նորընտիր ԱԺ-ի առաջին նիստում (Տեսանյութ)
Բավական երկար և համառ լեզվակռվից հետո «Հայաստան» դաշինքի պատգամավորներին հաջողվեց նիստը վարող Կնյազ Հասանովից 20-րոպեանոց ընդմիջում խնդրել:
Ընդդիմության ներկայացուցիչները պահանջեցին ապահովել իրենց գործընկերների ներկայությունը, որոնք իրենց դեմ հարուցված քրեական գործերի և ձերբակալությունների պատճառով չեն կարողացել մասնակցել 8-րդ գումարման ԱԺ նիստին: Խոսքը Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի մասին է:
Պատգամավորները Հասանովին հիշեցրեցին ԱԺ կանոնակարգի և իրենց իրավունքների մասին:
Այսպես, նրանց խոսքով, խորհրդարանը չի կարող ղեկավար ընտրել երկու պատգամավորի բացակայության դեպքում: Բացի այդ, ինչպես նշեցին «Հայաստան» դաշինքից պատգամավորները, առանց օրենսդիր մարմնի որոշման իրենց գործընկերների վրա ձերբակալությունը չի տարածվում:
Հասանովը նախ փորձեց կառավարել իրեն, ապա հունից դուրս եկավ: Ընդդիմադիրները սկսեցին ձեռքերը զարկել սեղանին, ինչի պատճառով նիստերի դահլիճում մեծ աղմուկ բարձրացավ: «Պարոնայք, դուք ԱԺ նիստերի դահլիճում եք: Ձեզ նայում է ամբողջ աշխարհը: Ի՞նչ կասեն մեր մասին: Դադարեցրե՛ք»,-ասաց Հասանովը՝ փորձելով պատգամավորներին կարգի հրավիրել, սակայն նրա ջանքերն ապարդյուն էին:
Ընդդիմադիրները շարունակեցին պնդել, որ պետք է պահպանել ԱԺ կանոնակարգը: Արդյունքում նրանց կոչն աջակցեց «Պատիվ ունեմ» դաշինքը, որը եւս պահանջեց ազատ արձակել քաղբանտարկյալներին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը, իր հերթին, հայտարարեց, որ ձերբակալության որոշումը ընդունվել է մանդատ ստանալուց առաջ, եւ հարցը չի վերաբերվում տվյալ իրավիճակին: Ընդհարումն ավարտվեց, և 20-րոպեանոց ընդմիջում հայտարարվեց:
Ազգային ժողովը նախագահողի նախաձեռնությամբ կարող է, իսկ առանձին դեպքերում պարտավոր է ԱԺ աշխատանքների կազմակերպման հարցերով որոշում կայացնել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, նորընտիր ԱԺ առաջին նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը:
« Մեր գործընկերները, մեր խմբակցության անդամները ներկայացրեցին խնդիրը. Եթե մյուս խմբակցությունները, մասնավորապես, իշխող խմբակցությունը նախանձախնդիր է, առաջարկում ենք, եթե անհրաժեշտություն տեսնում եք, որ միանաք այս պահանջին, հենց հիմա որպես խմբակցության քարտուղար պահանջում եմ ընդմիջում 20 րոպե տեւողությամբ: Սա պահանջ է եւ քննարկման ենթակա չէ:
Օգտագործենք այդ հնարավորությունը, որ թե քաղաքական ուժերը, եւ նաեւ դուք, կազմակերպենք մեր երկու գործընկերների ազատ արձակումը կամ այդ ուղղությամբ խորհրդարանի անելիքները, այդ թվում չի բացառվում գլխավոր դատախազին ԱԺ հրավիրելը եւ նրանից պարզաբանում ստանալը»,-ասաց նա:
Նիստը վարող ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովն արձագանքեց. «Խնդրում և հորդորում եմ, ես իմ պարտականությունը կատարում եմ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն որպես ավագ պատգամավոր: Թույլ տվեք շարունակենք մեր նիստը եւ հետագայում այդ խոսակցությունները դուք կվարեք իրավապահ մարմինների հետ: ԱԱԺ կանոնակարգ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն ներկայացնում եմ առաջին նստաշրջանի օրակարգը, որը ձեզ բաժանված է»:
«Հայաստան» դաշինքի պատգամավորներն ի նշան բողոքի սկսեցին ձեռքերով հարվածել սեղաններին:
«Խնդրում եմ մի խանգարեք, էստեղ ակցիա չի, միտինգի տեղ չի: Սա խորհրդարան է, ամբողջ աշխարհը մեզ է նայում: Եկեք վերջացնենք, հետո էդ հարցերը ուրիշ ձեւով կլուծենք»,-ասաց Հասանովը:
«Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրենք միանում են «Հայաստան» դաշինքի պահանջին՝ ապահովել ընտրված պատգամավորների ներկայությունը. «Ես բացարձակ արդարություն չեմ ակնկալում այսօրվա իշխանություններից, բայց մեր դաշինքը կարեւորում է, որ հանկարծ հավասարության նշան չդրվի այն ազգընտիրների միջեւ, որոնք չեն բարեհաջել սեփական պատճառներով չներկայանալ նիստի, եւ այն մարդկանց միջեւ, որոնք պատանդին կարգավիճակում են եւ նրանց թույլ չեն տալիս մասնակցել ԱԺ աշխատանքներին»:
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը պահանջում է քննության առարկա դարձնել իրենց խմբակցության երկու անդամների՝ Արթուր Սագյսնաի եւ Մխիթար Զաքարյանի կլանքից ազատ արձակելու հարցը:
Իշխանության ներկայացուցիչները որպես փաստարկ նշում են, որ պատգամավորի անձեռնմխելիությունը գործում է ԱԺ պատգամավոր եղած ժամանակ եւ դրանից հետո, իսկ նշված երկու պատգամավորների նկատմամբ քրեական հետապնցդումն սկսվել է նախքան նրանց պատգամավոր դառնալը, իսկ իրենց անձեռնմխելիությունը հաղթահարվել է ԿԸՀ որոշմամբ: