«Վերնիսաժի» ուղղությամբ, քաղաքացին կրակել է «Ռենջ Ռովեռ Սպորտ» ավտոմեքենայի ուղղությամբ․ մանրամասներ սպանության փորձից
2021թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 00:55-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Սախարովի հրապարակի մոտ իր ավտոմեքենայի վրա կրակել են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։
«Ձեռնարկված միջոցառումների արդունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:55-ի սահմաններում, Երեւան քաղաքի Վարդանանց փողոցում՝ «Վերնիսաժ» տոնավաճառի ուղղությամբ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել վերոնշյալ քաղաքացու «Ռենջ Ռովեռ Սպորտ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել է 8 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճ, իսկ նշված ավտոմեքենայի զննությամբ` վարորդի դռան ուղղությամբ հայտնաբերվել է կրակված 5 հետք: Հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքավորումները, նշանակվել դատաձգաբանական փորձաքննություն:
Քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երեւանի բնակիչ է: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ նրան ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։