ԱՄՆ Սենատը քննարկում է 1 տրիլիոն դոլար արժողությամբ ենթակառուցվածքի մասին օրինագիծը
Շաբաթ ԱՄՆ Սենատը քննարկել է օրինագիծ, համաձայն որի՝ 1 տրիլիոն դոլար կծախսվի ճանապարհների, երկաթգծի եւ այլ ենթակառուցվածքի վրա, ինչը նախագահ Ջո Բայդենի վարչակազմի առաջնահերթություններից մեկն է, հաղորդում է Reuters-ը:
Չնայած բազմաթիվ տարաձայնություններին՝ երկրի ենթակառուցվածքի հարցում ե՛ւ Հանրապետական, ե՛ւ Դեմոկրատական կուսակցությունների կարծիքները համընկել են, սակայն օրինագծի վերջնական տեքստը, որը ներառում է շուրջ 550 միլիարդ դոլարի չափով նոր ծախսեր, դեռեւս պատրաստ չէ:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է Սենատում, որ երկկուսակցական խմբին, որն աշխատում է օրինագծի շուրջ, լրացուցիչ ժամանակ է հարկավոր:
Մեկ տրիլիոն դոլարի չափով օրինագիծն ընդունելուց հետո Շումերը մտադիր է առաջ մղել 3,5 տրիլիոն դոլարի չափով միջոցառումների փաթեթը, որն ուղղված է կլիմայի փոփոխության դեմ պայքարին եւ տարեցների ու երեխաների տնային խնամքի կազմակերպմանը: