Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտություն կրեց
Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը (75 կգ) ավարտեց ելույթը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում:
Քառորդ եզրափակիչում Արման Դարչինյանը վանաձորցի բռնցքամարտիկը մենամարտեց ֆիլիպինցի Էումիր Մարցիալի հետ և հաղթանակի դեպքում կապահովեր առնվազն բրոնզե մեդալ, սակայն հաջողության չհասավ: Առաջին ռաունդում Էումիր Մարցիալը հաղթեց նոկաուտով:
Տոկիո-2020-ում Արման Դարչինյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի թիմից պայքարը շարունակում է նաև 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63 կգ) մեկնարկային 2 գոտեմարտերում հաղթել է Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանին և ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևին ու նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր:
Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) հուլիսի 26-ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչի մենամարտում պարտվել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը:
Արման Դարչինյան, բռնցքամարտ, 75 կգ քաշային կարգ
Ծնվել է 1994 թվականի ապրիլի 30-ին Վանաձորում:
Անձնական մարզիչը Բագրատ Ավոյանն է:
Արման Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի եղբոր որդին է:
Արման Դարչինյանը բռնցքամարտով զբաղվում է 10 տարեկանից: Հայաստանի 7-ակի չեմպիոն է, 2018 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր: 2019 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:
2019 թվականի հոկտեմբերի 27-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյում առաջին մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում: Նորամուտը նշել է հաղթանակով՝ 4 ռաունդանոց մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ամերիկացի Քենդել Մեյես-Թեյլորին:
Oլիմպիական ուղեգիրը նվաճել է 2021 թվականի հունիսի 4-10 Փարիզում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ դառնալով բրոնզե մեդալակիր: