Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը պարտվեց 1/4 եզրափակիչում
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը պարտություն կրեց հունահռոմեականների մրցաշարի 60 կգ քաշային կարգի երկրորդ գոտեմարտում:
25-ամյա Մելիքյանը մրցեց 2018թ. աշխարհի բրոնզե մեդալակիր, 2019 և 2020 թթ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 31-ամյա ուկրաինացի Լենուր Տիմուրովի հետ և պարտվեց 4:8 հաշվով:
Առաջին մրցափուլից հետո ուկրաինացին հաղթում էր 5:0 հաշվով: Երկրկրորդ մրցափուլում հայ ըմբիշը փորձեց հետ բերել կորցրածը, սակայն հնարավոր եղավ վաստակել միայն 4 միավոր՝ մրցակցին տալով ևս երեքը:
Եթե Լենուր Տիմուրովը նվաճի եզրափակիչի ուղեգիր, Արմեն Մելիքյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
2019թ. մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Արմեն Մելիքյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր 2019թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 22-ամյա իրանցի Ալի Ռեզա Նեջաթիի նկատմամբ հաղթանակով (5:5):
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն նաև Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) և գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Չալյանն ու Ալեքսանյանը պայքարի մեջ կմտնեն օգոստոսի 2-ին, իսկ Ասլանյանը՝ օգոստոսի 3-ին:
Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 2 մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):