Արմին Լաշեթը սպառնացել է Ռուսաստանին պատժամիջոցներով
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն պահպանողական բլոկի կանցլերի թեկնածու Արմին Լաշեթը Ռուսաստանին պատժամիջոցներով է սպառնացել, եթե երկիրն օգտագործի «Հյուսիսային հոսք 2» գազատարը Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու համար, գրում է korrespondent.net-ը:
«Եթե Ռուսաստանը կրկին ագրեսիվ պահի իրեն Ուկրաինայի հարցով, Գերմանիան միջոցներ կձեռնարկի ազգային մակարդակով և պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության մակարդակով», - ասել է գերմանացի քաղաքական գործիչը լեհական Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով, դա կխոչընդոտի Ռուսաստանին օգտագործել գազամուղը որպես աշխարհաքաղաքական զենք:
«Գերմանա-ամերիկյան համաձայնագիրը մեզ տալիս է գործիք, որի օգնությամբ մենք կարող ենք համատեղ պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին ապակառուցողական գործողությունների համար»,-համոզված է Լաշեթը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու անվտանգությանը հավատարմությունը պետք է լինի գերմանական արտաքին քաղաքականության առաջնահերթությունը:
Հուլիսի 21 -ին Միացյալ Նահանգներն ու Գերմանիան համաձայնության են եկել «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ: Այն նախատեսում է, որ Վաշինգտոնը հրաժարվում է ծրագրի մասնակիցների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մտադրություններից, սակայն Մոսկվայի համար ԵՄ պատժամիջոցների հնարավորությունը մնում է, եթե Ռուսաստանը գազամուղը օգտագործի որպես էներգետիկ ճնշման գործիք: Համաձայնագրում նշվում է նաև Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը պահպանելու մտադրության մասին: Գերմանիան խոստանում է օգտագործել բոլոր լծակները՝ Ռուսաստանին համոզելու համար երկարաձգել Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պայմանագիրը, որը պետք է ավարտվի 2024 թվականի վերջին: