Ադամ Շիֆը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մեծացումն ու հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը հաղթանակ է համարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, կոնգրեսականը նկատել է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը դեռ մի քանի փուլեր պետք է անցնի: Նա նշել է, որ Սենատի և նախագահի կողմից հավանության արժանանալու դեպքում այն կարող է հետագա տարիների ընթացքում ևս պահպանվել:
«Հուսանք` այն Սենատում ևս հաջողություն կունենա: Որպես կանոն մենք անցած տարիների ընթացքում տեսել ենք, որ նմանօրինակ նախագծերը չեն արժանանում Սենատի հավանությանը, բայց մենք պետք է պայքարենք նույն բովանդակությամբ օրինագիծը վերջնական հաջողության հասցնելու համար։ Այս բովանակդությամբ սա առաջին օրինագիծն է, որն արժանանում է Ներկայացուցիչների պալատի հավանությանը»,-նշել է կոնգրեսականը:
Խոսելով հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարված իրավիճակի մասին` Ադամ Շիֆը հատուկ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մեծացումն ու կարևորել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը:
«Իմ կարծիքով, չպետք է ֆինանսավորել մի երկրի, որտեղ մարդու իրավունքները ոտնահարվում են, և որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Դրանից բացի, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերի արդյունքում սահմանում մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել, ցավոք վերջին օրերին եղել են նաև զոհեր»,-նշել է նա:
Կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, որ շարունակելու է աջակցել հայանպաստ բոլոր նախաձեռնություններին` այդ համատեքստում հատուկ ընդգծելով իր աջակցությամբ վերջերս դաշնային կառավարության կողմից հայ-ամերիկյան թանգարանի շինարարության համար տրամադրված շուրջ 1 միլիոն դոլարը: