Իշխանավորները երկիրը հանձնում են, բայց չեն ուզում, որ իրենց հայհոյեն. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Մինչ Հայաստանի սահմաններում պատերազմական իրավիճակ է, թշնամին աննախադեպ ակտիվացել է վերջին օրերին, ունենք զոհեր, վիրավորներ, իշխանական երեսփոխանները երեկ խորհրդարանի վերջին արտահերթն էին հրավիրել՝ ոչ թե ստեղծված իրավիճակը քննարկելու, մեր սահմաններն անվտանգ դարձնելու ուղիներ քննարկելու հարցով, այլ սահմանին նկարահանումներն արգելելու, ինչպես նաեւ իշխանավորներին հասարակության զայրույթից պաշտպանելու համար։
Նոր նստաշրջանից ընդամենը մեկ օր առաջ հապճեպ նիստ հրավիրելու իշխանականների շտապողականությունը կասկածների առիթ տվեց, թե չլինի՞ Արցախը հանձնելուց հետո պատրաստվում են Հայաստանն էլ նվիրել իրենց «բարեկամներին», այդ պատճառով էլ նախապես ուզում են փակել իրենց հայհոյողների, վիրավորողների բերանները։
«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած եւ երեկ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկում են անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար սահմանել պատժաչափեր: Քրեական օրենսգրքում լրացումներ են առաջարկել, որոնց համահեղինակ է նաեւ Վլադիմիր Վարդանյանը: Դրանցով առաջարկվում է Քրեական օրենսգրքում նոր հոդված ավելացնել՝ 3 մասից, որի երրորդ մասով նախատեսվում է կալանքը՝ որպես ծայրահեղ պատասխանատվության միջոց, մնացած մասերով տուգանքներ են սահմանվում՝ առավելագույնը 3 միլիոն դրամի չափով: Ըստ համահեղինակի՝ նախագիծը նպատակ է հետապնդում ոչ այնքան պատասխանատվության կանչելու այն անձանց, որոնք հայհոյանքի միջոցով վիրավորել են, այլ կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, եւ հայհոյանքը՝ որպես արժանապատվությանն առավել ծանր վնաս հասցնող երեւույթ, պետք է հասարակությունից վերացվի: Այսինքն՝ հերթական լծակը, որ ում նկատմամբ ուզենան, կիրառեն։
Եվ ՔՕ 137.1 հոդվածով սահմանվում է․ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով: Եթե նույն արարքը, որը կատարվել է միեւնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով: Հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:
Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ հեղինակն ի՞նչ է հասկանում հայհոյանք ասելով: «Աճառյանի բառարանում հայհոյանքը հասկացվում է՝ ցանկացած սուտ տեղեկատվություն մարդու նկատմամբ հայտնելը: Դուք հիմա ամբիոնից խոսում եք սեռական հայհոյանքի մասին, անպարկեշտ վիրավորանքի մասին»,- հետաքրքրվեց իշխանական պատգամավորը, որը նոր խորհրդարանում ներկայացված չի լինի։ Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Ամենայն հարգանքով բառարանին եւ մեծն Աճառյանին, ես շատ եմ օգտվում այդ բառարանից, սակայն դա օրենսդրական ակտ չէ, որով պետք է առաջնորդվենք: Պետք է առաջնորդվենք մեր իրավական ակտերով եւ դատական իշխանության կողմից մշակված իրավական որոշումներով»: «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հարցրեց՝ ինչպե՞ս են կանխվելու հանրության կողմից իշխանությանը տրվող այսպիսի գնահատականները՝ «անհայրենիք», «հողատու», «կապիտուլյանտ»․ «Կամ՝ ինչպե՞ս եք գնահատելու, օրինակ, տիկին Լենա Նազարյանի ասած «իդիոտկա» արտահայտությունը։ Եթե նման բառերը չենք կարողանալու տանել այս օրենքի դաշտ, ապա ոչինչ չի լինելու։ Գոնե գրեիք, որ սեռական բնույթի հայհոյանքի մասին է խոսքը»։
Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց․ «Վստահ եմ, դուք էլ եք տարբերում, թե որոնք են քննադատությունը, հայհոյանքը, անձի արժանապատվությունը ոտնահարելը։ Առավելագույնս փորձել ենք ձեւակերպել այնպես, որ իրավական որոշակիության խնդիր չլինի»։ Սոֆյա Հովսեփյանը պնդեց, որ այս օրենքը խնդիրներ է բերելու քաղաքական գործիչների համար, հիմք է հանդիսանալու հետապնդումների համար․ «Կա՛մ կլինեն սուբյեկտիվ մոտեցումներ, կա՛մ օրենքը չի գործելու»։
Վլադիմիր Վարդանյանը կարծիք հայտնեց, որ այս փաթեթը շատ կարեւոր է՝ հաշվի առնելով ՀՀ-ում վերջին շրջանի զարգացումները․ «Արժանապատվության նվաստացման, վիրավորելու հարցում ամենավտանգավոր դրսեւորումներից է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյանքի միջոցով։ Իհարկե, հասկանում եմ, որ շատ հարցեր կառաջանան, բայց առաջնորդվում ենք ոչ թե արձագանքներով, այլ՝ խնդիրներով։ Տարիներ առաջ ճիշտ որոշում եղավ, եւ սովորական, պարզ վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացվեցին։ Այդուհանդերձ, հայհոյանքը եւ ծայրահեղ անպարկեշտության եղանակով անձի արժանապատվությունը վիրավորելը՝ հայհոյախոսությունը, պետք է տարբերել վիրավորանքից»։
Իրականում, եթե այս օրինագիծը միտված լիներ բացառապես դիտավորությամբ վիրավորելու նպատակով հայհոյախոսելու դեմն առնելուն, որեւէ առարկություն որեւէ մեկը դժվար թե ունենար։ Բայց ակնհայտ է, որ իշխանության նպատակը նախեւառաջ մամուլի բերանը փակելն է լինելու, մանավանդ որ օրենքը չի հստակեցնում՝ որն է սուր քննադատություն, որը՝ վիրավորանք, եւ անգամ պատգամավորները չեն պատկերացնում, թե ինչ են ընդունում, բայց օրենքն ընդունվելուց հետո այն զենք է դառնալու ըմբոստ մարդկանց եւ ազատ լրատվամիջոցների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու։
Հիշեցնենք, որ Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010 թվականին՝ ԵԽԽՎ-ի հորդորով, քանզի դա հակասում էր Եվրոպական դատարանի ձեւավորած նախադեպային իրավունքին ու մարդու իրավունքների կոնվենցիաներին։ Միջազգային նորմերն արգելում են նաեւ պետական իշխանության ներկայացուցիչներին հատուկ պաշտպանությամբ օժտելը։
Այս օրենքն ընդունվելուց հետո կուղարկվի նախագահական, կստորագրի՞ արդյոք նախագահ Արմեն Սարգսյանն այն, թե՞ կդիմի ՍԴ կամ էլ, սովորության համաձայն, ո՛չ նալին, ո՛չ մեխին՝ ոչինչ չի անի, եւ այն իրավունքի ուժով կյանքի կկոչվի․ երեկ այս հարցերը չկարողացանք պարզել, նախագահի աշխատակազմից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Օրենքը ՍԴ-ում վիճարկելու իրավունք ունի նաեւ խորհրդարանական ընդդիմությունը, բայց նոր խորհրդարան չանցած ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի հետ հույսեր կապելն անիմաստ է, այս խմբակցություններից երեկ չպատասխանեցին մեր զանգերին, որոշ տեղեկություններով՝ նորընտիր ընդդիմադիրները երեկ քննարկել են ՍԴ դիմելու հնարավորությունը, առաջիկայում պարզ կդառնան նրանց անելիքներըŞ։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: