Օլիմպիական Արմեն Մելիքյանը մեկնեց Տոկիո (վիդեո)
Տոկիո-2020-ում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատվիրակության առաջին խումբն այս գիշեր մեկնեց օլիմպիական մայրաքաղաք:
Հուլիսի 29-ին 04:45-ին Երեւան - Վիեննա - Տոկիո չվերթով Ճապոնիա մեկնեց մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Արմեն Մելիքյանը (60 կգ): Նրա հետ օլիմպիական Տոկիո մեկնեցին նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն ու մարզիչ Սամվել Գեւորգյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում նշեց, որ սպասելիքներով է մեկնում Տոկիո:
«Գնում ենք պայքարելու, մեր երկրի պատիվը բարձր պահելու: Կարծում եմ, եթե պայքարենք, ամեն ինչ լավ է լինելու»,- նշեց Էդուարդ Սահակյանը:
Սամվել Գեւորգյանն նկատեց, որ Տոկիո-2020-ը դեռեւս տխուր է, բայց ամեն ինչ կփոխվի, երբ Հայաստանի օլիմպիական հավաքականը մեդալներ նվաճի:
«Բարձր տրամադրության եւ մարտական տրամադրվածությամբ մեկնում ենք Տոկիո: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերն առանձնանում է նախորդներից. կորոնավիրուսով պայմանավորված այս Օլիմպիական խաղերը մի փոքր տխուր են, բայց մեդալները լինեն, նվաճենք, կուրախանանք: Մեր յուրաքանչյուր մասնակցից սպասելիքներ ունենք: Բոլորն էլ ունեն հնարավորություններ ամենաբարձր հարգի մեդալը նվաճել»,- ասաց Սամվել Գեւորգյանը:
Արմեն Մելիքյանին Տոկիո ճանապարհելու էին եկել հայրը, անձնական մարզիչ Ալիկ Հովհաննիսյանը, հավաքականի անդամ, մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Դավիթ Օվասապյանն ու ընկերները:
«Շատ բարձր տրամարդությամբ եմ մեկնում: Աստծո կամքով ամեն ինչ լավ է լինելու՝ հաղթանակով վերադառնալու ենք: Լավ մարզավիճակում եմ, հոգեբանորեն պատրաստ օլիմպիական մրցագորգ դուրս գալուն: Այս պահին ինքնաթիռ եմ նստում մեդալ, ոսկե մեդալ նվաճելու մասին մտքերով»,- ասաց Արմեն Մելիքյանը:
Ընկերներն Արմեն Մելիքյանին ծափերով ու «հաղթանակ» կոչով ճանապարհեցին ինքնաթիռ:
Արմեն Մելիքյանը Տոկիո կժամանի հուլիսի 30-ին: Պայքարի մեջ կմտնի օգոստոսի 1-ին:
Հուլիսի 30-ին ժամը 22:00-ին Տոկիո կմեկնի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ): Նրանց օլիմպիական մայրաքաղաք կուղեկցի հավաքականի մարզիչ, Արթուր Ալեքսանյանի հայր՝ Գեւորգ Ալեքսանյանը: Հունահռոմեականների Հայաստանի վերջին ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (67 կգ) Տոկիո կմեկնի օգոստոսի 1-ին:
Նշենք, որ 17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից ելույթներն ավարտել են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն ու բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը: