Քիմ Քարդաշյանը KKW Beauty ապրանքանիշի նոր անվան ընտրությամբ «գլխացավանք» է ստեղծել ընկերության համար (լուսանկարներ)
Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը KKW Beauty ապրանքանիշի համար ընտրել է նոր անվանում՝ SKKN, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, այդպիսով աստղն իր համար նոր «գլխացավանք» է ստեղծում, քանի որ անվանումն այլ ընկերության է պատկանում։
Ինչպես հայտնի է, անվան կիրառության վերաբերյալ դիմումով հանդես է եկել Beauty Concepts ՍՊԸ-ը, որն արդեն կապվել է KUWTK իրապատում շոուի իրավաբանների հետ։ Ընկերությունը ներկայացրել է փաստաթղթեր՝ փաստելով, որ համացանցային հարթակներում հանդես է գալիս SKKN անվանումով։ Ընկերությունը, որի սեփականատերն է Սինթիա Լունսֆորդը, առաջարկում է մաշկի խնամքի և հարդարման ծառայություններ։
Ընկերությունը նշել է, որ մարտին դիմել է ԱՄՆ-ի արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակ՝ ապրանքանիշի տարբերանշանն օրինականացնելու համար, սակայն լրատվամիջոցները հայտնում են, որ Քիմ Քարդաշյանն ավելի վաղ է դիմում ներկայացրել՝ SKKN By Kim անվան համար։
Քիմ Քարդաշյանի փաստաբանն ասել է, որ իրենք դեռևս օրինական ճանապարհով իրավասու են օգտագործել վերոնշյալ անվանումը։ Հայտնի է նաև, որ Քիմ Քարդաշյանի թիմը դեռևս դեկտեմբերին ձեռք է բերել SKKN.com կայքի հասանելիությունը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Քիմ Քարդաշյանը ռեբրենդինգ է անում KKW Beauty ապրանքանիշը։ Հայտնի է, որ 40-ամյա հեռուստաաստղը ցանկանում է իր ապրանքանիշերը մեկտեղել մեկ առցանց հարթակում՝ գնումներն ավելի հարմար դարձնելու համար։