ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը մտադիր է Հայաստանում առավել ակտիվ աջակցել կոռուպցիայի կանխարգելմանը
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Ադամ Ստեֆանը և ծրագրերի ղեկավար Անահիտ Խաչատրյանը 2021 թվականի հուլիսի 29-ին հյուրընկալվեցին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրասենյակում: Ծանոթանալով հանձնաժողովի առաջիկա ծրագրերին՝ նրանք պատրաստակամություն հայտնեցին շարունակել և ընդլայնել հետագա համագործակցությունը, հանձնաժողովին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն կոռուպցիայի կանխարգելման գործում՝ ավելացնելով համակարգային բարեփոխումներին ուղղվող օժանդակությունը: Այս մասին տեղեկացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը և հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը կարևորել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դերը: Կողմերը մտքեր են փոխանակել հետագա գործակցության ուղղություններն ընդլայնելու վերաբերյալ՝ կարևորելով քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողության, հանրային ծառայողների շրջանում բարեվարքության համակարգի ներդրման, պաշտոնատար անձանց հայտարարագրման համակարգի կատարելագործման, քաղաքացիների շրջանում հանրային իրազեկվածության բարձրացման և կրթական ծրագրերի իրագործմանն առնչվող հարցերը:
ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն նշեց, որ ներկայացված ուղղությունները կարևոր են և ԱՄՆ ՄԶԳ-ն գործակալությունն առաջիկայում կշարունակի գործուն աջակցություն ցուցաբերել՝ այդ ոլորտներում հաջողություններ արձանագրելու համար:
ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Ադամ Ստեֆանը կարևորեց հանձնաժողովի հետ շուրջ մեկուկես տարվա փոխգործակցությունը և հույս հայտնեց, որ վերոնշյալ ուղղություններով ևս կլինեն շոշափելի արդյունքներ:
Կողմերը պայմանավորվել են այսպիսի աշխատանքային քննարկումները դարձնել պարբերական։ Հետագա հանդիպումներին կներկայացվեն ոչ միայն նպատակները, այլև կատարված աշխատանքներն ու արդյունքները: