ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Աֆղանստանում ամերիկյան առաքելության հաջողության մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականներին մեծամասամբ հաջողվել է հասնել Աֆղանստանում դրված նպատակներին, գրում է ria.ru-ն։
«Մենք մեծամասամբ հաջողության ենք հասել Աֆղանստանում մեր նպատակներին հասնելու հարցում, սակայն հակամարտությունն այդ երկրում ռազմական լուծում չունի»,- Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Բլինկենը։
Նշենք, որ չորեքշաբթի երեկոյան Բլինկենը պաշտոնական այցով ժամանել է Քուվեյթ՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակի կապակցությամբ: Քուվեյթի KUNA լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն՝ հինգշաբթի նա բանակցություններ է վարել Քուվեյթի էմիրի հետ։ Բանակցություններից հետո Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Քուվեյթը համագործակցում են աֆղան ժողովրդին օգնություն ցուցաբերելու և տարածաշրջանային կայունությանն աջակցելու հարցում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Պակիստանի վարչապետ Իմրան Խանը PBS NewsHour հաղորդմանը տված հարցազրույցում քննադատել է Աֆղանստանում Միացյալ Նահանգների առաքելությունը՝ նշելով, որ ամերիկյան կողմը «Թալիբան» շարժման հետ հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու հարցում ձախողել է։
«Կարծում եմ՝ ԱՄՆ-ն Աֆղանստանում ձախողել է։ Սկզբում փորձում էին ռազմական լուծում գտնել Աֆղանստանում, որն ընդհանրապես գոյություն չուներ, իսկ ինձ պես մարդիկ, որոնք ասում էին, որ ռազմական լուծում գոյություն չունի, որոնք գիտեին Աֆղանստանի պատմությունը, կոչվում էին հակաամերիկացիներ։ Նրանք ինձ անվանում էին «Թալիբան Խան»», - ասել էր Պակիստանի վարչապետը և հավելել, որ Միացյալ Նահանգները վերջապես եկել է այն եզրահանգմանը, որ ռազմական լուծում չկա։
Հիշեցնենք, որ «Թալիբան» շարժումն իր գործունեությունն ակտիվացրել է երկրից ամերիկյան զորքերի դուրս գալուն զուգընթաց: Թալիբները վերահսկողություն են հաստատում երկրի տարբեր հատվածներում, ինչպես նաև սահմաններին: