Չինաստանում սկսել են վճարել երկրորդ եւ երրորդ երեխայի համար
Չինաստանի առաջին քաղաքը՝ Սանչուան նահանգի Պանչժիխհւան, սկսել է սուբսիդիաներ վճարել երկրորդ եւ երրորդ երեխայի ծննդյան համար, գրում է South China Morning Post-ը:
Նման ընտանիքներին կվճարվի ամսական 500 յուան, մինչեւ երեխայի երեք տարին լրանալը: Բացի այդ, ընտանիքներին հասանելի կլինի ապագա մայրերի անվճար խնամքը: Տեղական գործատուներին կառաջարկվի նաեւ խթանել պտղաբերությունը եւ երեխաների խնամքի ծառայություններ առաջարկել:
Նման միջոցները կապված են Չինաստանում ծնելիության անկման հետ, այդ իսկ պատճառով իշխանություններն ակնկալում են աշխատունակ քաղաքացիների թվի նվազում եւ տնտեսության բեռի ավելացում: Վարչապետ Լի Կեցյանը եւս հայտարարել է, որ այս հարցը որոշիչ նշանակություն ունի, քանի որ այն ուղղակիորեն ազդում է Չինաստանի զարգացման վրա: «Մենք պետք է բարելավենք կյանքի որակը, ստեղծենք երեխաների խնամքի ներառական համակարգ եւ տնտեսական եւ սոցիալական քաղաքականություն ապահովենք, որը համահունչ լինի ընտանիքի պլանավորման քաղաքականությանը»,- ասել է Լի Կեցյանը:
Ծնելիության քաղաքականության փոփոխությունը սկսվել էր դեռ մայիսին, երբ Չինաստանի իշխանությունները թույլ տվեցին ընտանիքներին ունենալ երեք երեխա:
1979-ից 2015 թվականներին Չինաստանի իշխանությունները վարում էին «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» ժողովրդագրական քաղաքականությունը: 2016-ի սկզբից երկրի քաղաքացիներին թույլատրվում է ունենալ երկու երեխա: 1970-ականներից Պեկինն օրենսդրորեն սահմանափակում է ընտանիքի չափը, քանի որ իշխանությունները բնակչության հսկայական աճը խնդիր են համարում. դրա պատճառով ծանրաբեռնված են երկրի հողային, ջրային եւ էներգետիկ ռեսուրսները: