Ջեյ Լոյի և Բեն Աֆլեքի ռոմանտիկ ճանապարհորդությունը շարունակվում է․ զույգը ժամանել է Ներանո (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու սիրելիին՝ դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքը, շարունակում են ռոմանտիկ ճանապարհորդությունը, որի ընթացքում երգչուհին նշել է ծննդյան տարեդարձը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ զույգին նկատել են 130 միլիոն դոլար արժողությամբ նավի տախտակամածին՝ Ներանո ժամանելիս։
Լոպեսն իր 52-րդ տարեդարձը նշել է ընկերների շրջապատում՝ սիրելիի հետ։ Հրապարակումներում հոբելյարն ինքնամոռաց պարում է։
Ավելի ուշ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը ժամանակ են անցկացրել նավի տախտակամածի վրա՝ ժամանելով իտալական Ներանո քաղաք։ Ծովափնյա քաղաք ժամանելիս Լոպեսը կրել է սպիտակ լայեզր տաբատ, սպիտակ և կարմիր գծերով տոպ և կարմիր բարձրակրունկ սանդալ։ Իր տեսքն ամբողջացնելու համար Լոպեսն ընտրել է ծղոտե պայուսակ և արևային ակնոց։ Նրա պարանոցին պապարացիները կրկին նկատել են «Բեն» գրությամբ վզնոցը։
48-ամյա Բեն Աֆլեքը նախապատվությունը տվել է Ralph Lauren ապրանքանիշի շապիկին, սպիտակ տաբատին և սպորտային կոշիկներին՝ իր տեսքն ամբողջացնելով արևային ակնոցով։
Հայտնի է, որ զույգն իր հանգիստը վայելում և շրջագայում է «Վալերի» կոչվող նավով, որն արժե մոտ 130 միլիոն դոլար և տեղավորում է 17 հյուր և անձնակազմի 27 անդամ։
Ինչպես արդեն հայտնի է, նույն ժամանակահատվածում իր հանգիստն է վայելել նաև Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն՝ Ալեքս Ռոդրիգեսը, որն իր 46-ամյակը նշել է նույն վայրում, որտեղ հանգստանում էին Լոպեսն ու Աֆլեքը։ Նա իր հանգիստը վայելել է 27 միլիոն դոլար արժողությամբ նավի վրա, որը տեղավորում է 12 հյուր և անձնակազմի 12 անդամ։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։