«Խորհուրդ չէի տա ուտել»․ արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի հարսանեկան տորթի կտորը կհանվի աճուրդի (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում օգոստոսի 11-ին աճուրդի կհանվի արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի հարսանեկան տորթի կտորը, հաղորդում է BBC-ն։
40 տարի առաջ ամուսնացած թագավորական զույգի 5 հարկանի տորթի կտորը նախատեսվում է վաճառել գրեթե 700 դոլարով։
«Խորհուրդ չէի տա ուտել, բայց ուշագրավ է, որ 40 տարի անց այն պահպանվել է»,- հայտնել է աճուրդավար Քրիս Օլբերը։
Տորթի 17 սմ երկարությամբ և 18 սմ լայնությամբ կտորը զարդարված է կարմիր, կապույտ և ոսկեգույն թագավորական զինանշանով։
Նշվում է, տորթի կտորը 1981-ի հարսանեկան արարողությունից հետո պահել է թագավորական տան աշխատակցուհիներից մեկը։