Չկա պահի լրջության գիտակցությունը. Եթե ընտրողներին մի բան հետաքրքրում էր, ապա դա այն հարցն էր՝ կկարողանա՞ արդյոք Փաշինյանը «փռել Քոչարյանի մեյդը», թե՞ հակառակը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է.
«44-օրյա պատերազմում մեր կրած պարտությունը, դրա հետևանքները, մեր սահմանների անվտանգությունը, տարբեր երկրների եւ կազմակերպությունների շահագրգռվածություններն այս տարածաշրջանում չէին դարձել անցած ընտրություններին նախորդող բանավեճի գլխավոր թեման: Եթե ընտրողներին մի բան հետաքրքրում էր, ապա դա այն հարցն էր՝ կկարողանա՞ արդյոք Փաշինյանը «փռել Քոչարյանի մեյդը», թե՞ հակառակը:
Երբ չկա հասարակական պատվեր, քաղաքական ուժերը չեն մտածում անվտանգության եւ արտաքին քաղաքականության, իմ կարծիքով, ամենակենսական խնդիրների մասին եւ զբաղված են դատարկ, մանր ու անիմաստ լեզվակռվով: Ներկա խորհրդարանն այդ առումով ճշգրտորեն արտացոլում է մեր հասարակության հետաքրքրությունները՝ հասարակություն, որն անգամ հիմա, երբ ակնհայտ է, որ պատերազմն, ըստ էության, շարունակվում է, չի կարողանում կտրվել «ներքաղաքական» օրակարգից եւ մեր սահմաններին ընթացող մարտական գործողություններն օգտագործում է միայն այս կամ այն կողմին մեղադրելու համար: Ճիշտ նույն գործով զբաղված են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը: Մեր քաղաքացիների եւ քաղաքական ուժերի մեծ մասը չի գիտակցում պահի լրջությունը, քաղաքացիներն անվտանգություն չեն պահանջում, իսկ իշխանությունը չի էլ պատրաստվում դրանով զբաղվել: Բայց հետաքրքրվողներին հայտնեմ, որ այս պահի իրավիճակը հետեւյալն է. նոր բախումները եւ մարդկային նոր զոհերը թույլ չտալու բոլոր լծակները հիմա Մոսկվայում են:
Ռուսաստանն Ադրբեջանի հետ միասին պահանջում է Հայաստանից «միջանցք» Սյունիքի մարզով, որը վերահսկվելու է ՌԴ զինծառայողների կողմից, մի շարք անկլավների զիջում՝ «դելիմիտացիայի» անվան տակ, ինչպես նաեւ իր հենակետերի տեղադրում հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Սա է Գեղարքունիքի մարզում վերջին մարտական գործողությունների քաղաքական իմաստը: Հայաստանի իշխանությունը պե՞տք է համաձայնի այդ պայմաններին: Ի՞նչ տարբերակներ ունի չհամաձայնելու: Ի՞նչ է սպասվում մեզ համաձայնելու կամ չհամաձայնելու դեպքում: Ահա այդ հարցերն է, որ պետք է քննարկվեն խորհրդարանում, ինչպես նաեւ քաղաքական եւ փորձագիտական հարթակներում: Քննարկման արդյունավետության գլխավոր պայմանը իրատեսությունն ու անկեղծությունն են՝ առանց քարոզչական աղմուկի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։